Եթե ԱՄՆ-ն չտիրապետի Գրենլանդիային, ապա այն բաժին կընկնի Ռուսաստանին կամ Չինաստանին:
Այդ մասին լրագրողներին ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է այդ տարածքի նկատմամբ իր հետաքրքրվածության պատճառը:
Թրամփը մանրամասնել է, որ վերջին շրջանում Գրենլանդիայի ափերի մոտ նկատվել են ռուսաստանյան և չինական սուզանավեր: «Մենք չենք կարող դա հանդուրժել և այս կամ այն կերպ կտիրանանք Գրենլանդիային»:
ԱՄՆ նախագահը կոնկրետացրել է, որ ռազմական ներկայությունը բավարար չէ, պետք է տիրապետել տարածքին: Ավելի վաղ պետքարտուղար Ռուբիոն Գրենլանդիայի «բռնակցումը» հիմնավորել է հակահրթիռային պաշտպանության ամրապնդման անհրաժեշտությամբ:
Փորձագիտական կայուն կարծիք կա, որ Գրենլանդիան Միացյալ Նահանգներին հետաքրքրում է մի քանի առումով, բայց հիմնական անհագստությունը կապված է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում առևտրային նավագնացության ռուսաստանյան նախագծի հետ, որ լոգիստիկ տեսակետից բացառիկ կարող է լինել, քանի որ շրջանցում է գոյություն ունեցող բոլոր երթուղիները և ուղղակի կապ հաստատում Գլոբալ հարավի հետ:
Գրենլանդիայի կարեւորության մասին ԱՄՆ նախագահի խորքային դիտարկումը թույլ է տալիս եզրակացնել, որ, չնայած Ուկրաինայի հարցում որոշակի «ընկալունակությանը», Դոնալդ Թրամփն Ռուսաստանի չի դիտարկում ոչ միայն որպես հնարավոր դաշնակցի, այլեւ նույնիսկ՝ գործընկերոջ:
Մոսկվայի քարոզչությունը, մինչդեռ, կառուցված է ԱՄՆ հետ «հարաբերություններն ամբողջ ծավալով վերականգնելու հնարավորության» վրա:
Ճիշտ է, դա գնահատվում է իբրև Ուկրաինայի հարցի լուծմանը հաջորդելիք նպատակ, բայց ԱՄՆ նախագահը, կարծես, մտադրված է թույլ չտալ, որպեսզի Ռուսաստանն «ուկրաինական հաղթանակը» վերաձևակերպի որպես «իրավահավասար գործընկերության հիմք»:
Մոսկվան դեռևս Դոնալդ Թրամփի հայտարարությունը պաշտոնապես չի մեկնաբանել: Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը, մինչդեռ, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «չպետք է Արկտիկայում իր շահերն իրացնի այլ երկրների հաշվին»:
Չինաստանը, որքանով կարելի է հասկանալ դիվանագիտական այս ձևակերպումից, չի մերժում Արկտիկայում ազգային –պետական շահեր ունենալու և դրանք իրացնելու ԱՄՆ իրավունքը, բայց համարում է, որ դա չպետք է տեղի ունենա իր հաշվին:
Պեկինը, կարծես, Վաշինգտոնին առաջարկում է զերծ մնալ դիմակայությունից և առկա խնդիրները կարգավորել փոխադարձ համաձայնությամբ: Եթե պայմանականությունները մի կողմ թողնենք, ապա, թերևս, կարելի է արձանագրել, որ Չինաստանն ընդունում է քաղաքական հարցերը բիզնես-գործարքների միջոցով լուծելու ամերիկյան մոտեցումը և համագործակցություն է առաջարկում:
Հյուսիսային նավագնացության երթուղին կյանքի կոչելու համար ահռելի ֆինանսական միջոցներ և զարգացած տեխնոլոգիաներ են պահանջվում: Ուկրաինական պատերազմի «ճահճում խրված» Ռուսաստանը հազիվ թե հարյուրավոր միլիարդ դոլարի ներդրումների հնարավորություն ունի, տեխնոլոգիաների մասին դեռ չխոսած:
ԱՄՆ-ն կընդունի՞ Գրենլադիան «բարեկամաբար կիսելու» Չինաստանի առաջարկությունը:






Բաց մի թողեք
Եթե Պուտինը փորձի «վերահնազանդեցնել» Ադրբեջանին, ապա` կմիջամտի Էրդողանը
ԱՄՆ նախագահը Ադրբեջանի «թագաժառանգի» հետ լուսանկարվելուց ձեռնպահ է մնացել
Ռուսաստանը որպես ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրների համար «մշտական, բայց կառավարելի սպառնալիք»