ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, ելույթ ունենալով իրեն անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդության քննարկման ժամանակ, անդրադարձավ ներկայացված մեղադրանքի հիմքերին:
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այն, ինչ գլխավոր դատախազն այստեղից ասում է, օրենքի հետ որևէ առնչություն չունի», – ասաց Մինասյանը։
Նա ընդգծեց, որ գործի հիմքում ոչ թե իրավական, այլ քաղաքական մոտեցում է։ «Եթե ցածր իրավական պատկերացում ունեցող, օրենքները սխալ մեկնաբանող, սխալ հասկացող, միայն հանձնարարություններ կատարող կամ կամավոր հանձնարարությունների տակ մտած անձը փորձում է հակաօրինական բան վերագրել ինձ, ես դրանից զայրանում եմ։ Այո, ինձ հասցված վիրավորանքից ես զայրանում եմ», – հայտարարեց պատգամավորը։
Մինասյանը վստահեցրեց, որ իր գործունեությունն ամբողջությամբ եղել է օրենքի շրջանակում, իսկ նման միջնորդություններով փորձում են ստվերել իր քաղաքական գործունեությունը։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովի նիստի ընթացքում՝ իր եզրափակիչ ելույթի ժամանակ, արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, թե որևէ իրավական նորմ դատախազը չի կարող նշել, որ ինքը՝ որպես նախարար, գործել է ծառայողական շահերին հակառակ:
Վարդապետյանը շեշտեց. «Արծվիկ Մինասյանը խոսում է այն մասին, որ մեր մեղադրանքն իրեն վիրավորում է, չի խոսում այն մասին, որ որպես նախարար պարտավոր էր անել մի քայլ. պաշտոնական գրությամբ, պաշտոնական որևէ փաստաթղթով պատկան մարմիններին տեղեկացներ, որ ազգային պարկում առկա է ինքնակամ կառույց: Վերջակետ:
Դրա փոխարեն օգտագործել օրենքում առկա բոլոր կարգավորումները, որն ինքն է նենգափոխված ներկայացնում հիմա (դրա մասին հետո կխոսենք, եթե ԱԺ-ն որոշում կայացրեց և մեղադրանք առաջադրեց), խոսում է [այն մասին], որ որպես նախարար պարտավոր չէր իրականությանը համապատասխանող տեղեկություն ներկայացնել Կառավարությանը և ինձ ասում է՝ ներկայացրեք մի փաստաթուղթ, որի հիման վրա պարտավոր էի ասել, որ բնության հատուկ պահպանվող տարածքի վրա կա ինքնակամ կառույց:
Օրենքը գրվում է ողջամտության կանխավարկածով: Օրենքն ասում է, որ բնության հատուկ պահպանվող տարածքի վրա չի կարող լինել ինքնակամ կառույց, և հակառակի մասին պետք է նախարարը ներկայացնի: Նախարարը դրա համար է այդ պաշտոնում:
Եկեք մի պահ պատկերացնենք՝ ինչ կլիներ, եթե Արծվիկ Մինասյանը այս փաթեթը չներկայացներ Կառավարություն: Ասեմ՝ ինչ կիներ. գույքը կշարունակեր մնալ ապօրինի: Երբ պարոն Մինասյանը գեղեցիկ բառապաշարով ասում է՝ ես նվազեցրել եմ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, ինքն իրականում այլ բան պիտի ասի, պիտի ասի՝ ես օրինականացրել եմ ապօրինին: Երբ ասում ենք՝ օրինականացրել է ապօրինին, չի նշանակում միայն սեփականության իրավունք, նշանակում է տիրապետման, տնօրինման ցանկացած ձևաչափ»:






Բաց մի թողեք
Այս պահին հնարավոր չէ հստակ ասել՝ կկայանա Եպիսկոպոսաց ժողովը, թե՝ ոչ
ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Հայաստան․ հույսը իրական է, երազանքները՝ արժանի, և ապագան դեռ գրվում է
Քաղաքական սուտը՝ որպես պետական քաղաքականություն