02/02/2026

Նորատուսում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո 3 քաղաքացի տեղափոխվել է Գավառի հիվանդանոց

Հունվարի 28-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 3 քաղաքացի դանակահարված տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել քրեական ոստիկանության ծառայողները:

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Բժիշկները քրեական ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Գավառ խոշորացված համայնքի Նորատուս բնակավայրի բնակիչներ 52-ամյա Թադևոս Ս.-ն, որը հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի առաջնային պատի ծակած թափանցող վնասվածք, հաստ աղու մակերեսային վնասվածք, մեծ ճարպոնի վնասվածք, փայծաղի սուբկապսուլյատ հեմատոմա, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ, 49-ամյա Հարություն Ս.-ն, որը հիվանդանոց է տեղափոխվել «կրծքվանդակի հետին պատի, որովայնի գոտկատեղի շրջանի կտրած-ծակած արյունահոսող բազմաթիվ վերքեր, որովայնի շրջանի օտար մարմին» ախտորոշմամբ և 20-ամյա Տարոն Ս.-ն, որը հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի գոտկային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ։

Ոստիկանները պարզել են, որ այդ օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, Գավառ խոշորացված համայնքի Նորատուս բնակավայրի վարչական տարածքում Տարոն Ս.-ն, Հարություն Ս.-ն և Թադևոս Ս.-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Գավառ խոշորացված համայնքի Նորատուս բնակավայրի բնակիչներ 52-ամյա Վահրամ Բ.-ի, 16-ամյա Կարեն Բ.-ի և 44-ամյա Հովհաննես Մ.-ի հետ, որի ժամանակ ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Կարեն Բ.-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխված անձանց։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, մասնակիցներին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Վիրավորներից Թադևոս և Հարություն Ս.-երը հարազատ եղբայրներ են, Տարոն Ս.-ն էլ Հարություն Ս.-ի որդին է, իսկ կռվի մասնակիցներից Վահրամ Բ.-ն Կարեն Բ.-ի հայրն է։