31/12/2025

Ալիևը կպաշտպանի՞ Թուրքիայի «հակազդեցությունն» ընդդեմ Իսրայելի

Իսրայելը, Հունաստանը և Կիպրոսը Թուրքիային «զսպելու համար միավորում են ջանքերը»: Այդ մասին հայտնի է դարձել հունական TA NEA պարբերականին, գրում է իսրայելական ռուսալեզու vesty.go.il կայքը:

Ըստ տեղեկությունների, երեք երկրները ծրագրում են Միջերկրական ծովի արևելյան հատվածում կազմավորել արագ արձագանքման ուժեր՝ 2500 զինծառայողի ընդգրկմամբ: Իսրայելը և Հունաստանը կունենա հազար, Կիպրոսը՝ հինգ հարյուր զինվորական:

Զորախումբը կտեղաբաշխվի հունական Կապարոս և Հռոդոս կղզիներում, իր տրամադրության տակ կունենա ռազմական ինքնաթիռներ, մարդական նավեր և սուզանավեր:

Իսրայելական լրատվամիջոցը տեղեկացնում է, որ հունական պարբերականի հրապարակ տեղեկությունների հավաստիությունը «բավական բարձր է» և վկայակոչում վարչապետ Նաթանյահուի ռազմական հարցերով խորհրդական Ռոման Հոֆմանի Աթենք մի քանի այցելությունը:

Հոֆմանն, ի դեպ, մի քանի ամիս հետո կգլխավորի Իսրայելի արտաքին հետախուզության ծառայությունը՝ «Մոսադը»:

Իսրայել-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության նպատակը Միջերկրականի արեւելյան հատվածում Թուրքիայի «զսպումն է», ինչպես նաև ստորջրյա կոմունիկացիաների անվտանգության ապահովումը: Խոսքը գազի հանքավայրերի շահագործման և Եվրոպա բնական գազի արտահանման ծրագրի մասին է, որին մասնակցում է նաև Եգիպտոսը:

Այս տեղեկատվությանը զուգահեռ Իսրայելի արտաքին գործերի նախարար Սաարը հարցազրույց է տվել «Ալ-Արաբիա» պարբերականին և հայտարարել Սիրիայի և Լիբանանի հետ հարաբերությունները կարգավորելու «հաստատակամության» մասին:

Խնդրի նրբությունն այն է, որ Թուրքիան Իսրայելին մեղադրում է Սիրիայի «ամբողջականությունը խախտելու» մեջ: Ավելի վաղ Սիրիայի անցումային կառավարության նախագահ ալ-Շարաան Իսրայելի հետ «ստատուս-քվոյի հիման վրա անվտանգության երաշխիքների» մասին համաձայնագրի ստորագրումը հավանական է գնահատել, բայց փաստաթուղթն այդպես էլ չի ստորագրվել:

Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետները համարում են, որ «իսրայելա-սիրիական համաձայնությանը Թուրքիան է խոչընդոտում»:

Ուշագրավ է, որ Իսրայել-Հունաստան-Կիպրոս ռազմական համատեղ խմբավորում ստեղծելու մասին տեղեկությունը նախորդում է Նաթանյահուի Վաշինգտոն այցին: Ըստ երևույթին, նա Միացյալ Նահանգների նախագահի հետ պատրաստվում է քննարկել նաեւ տարածաշրջանում Թուրքիային «զսպելու» հարցը:

Վերջին մի քանի տարիներին Թուրքիան մշտապես դժգոհել է Հունաստանի ռազմաօդային ուժերի արդիականացման ծրագրին ԱՄՆ մասնակցությունից:

Անկարան չի դադարում Հունաստանին սպառնալ ուժի կիրառմամբ՝ կապված Էգեյան ծովում մի քանի փոքր կղզիների պատկանելիության հարցի հետ: Թուրքիան և Ադրբեջանը վերջերս Էգեյան ծովում ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություն են անցկացրել:

Եթե Միջերկրականի արևելյան հատվածում Իսրայելը, Հունաստանը և Կիպրոսը Թուրքիային «զսպող» համատեղ զորախումբ ստեղծեն, ապա իրավական առումով Իսրայելը կդիտվի Ադրբեջանի «պայմանական հակառակորդ»: Ալիևը կպաշտպանի՞ Թուրքիայի «հակազդեցությունը»: