29/12/2025

Գերատեսչություններում շատերը նեղացել են ու անգամ բոյկոտել տարեվերջյան փարթիները

Պետական գերատեսչությունների աշխատակիցներից վերջին օրերին բազում ահազանգեր ենք ստանում, դժգոհություններ պարգեւավճարների թեմայով։

Ինչպես հայտնի է, այս տարի պետական ապարատում միլիոնանոց պարգեւավճարներ են բաժանել, սակայն, պարզվում է՝ ոչ բոլորին է հասու բարձր պարգեւավճարները, բարձր հավելավճարներ են ստացել վարչության պետերը, փոխնախարարները եւ գերատեսչությունների բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, որոնք հիմնականում ՔՊ-ականներ են, իսկ շարքայիններից շատերը մեկ դրամ էլ չեն ստացել։

Անհավասար այս մոտեցումը «բոլոլա» է ստեղծել գերատեսչություններում, շատերը նեղացել են ու անգամ բոյկոտել տարեվերջյան փարթիները։

Նշենք, որ կառավարության վերջին նիստից հետո Փաշինյանը պատասխանելով պարգեւավճարների մասին հարցին հաստատեց, որ պետական ապարատը բարձր պարգևավճարներ է ստացել, ասաց նաեւ, որ ներդրվել է պիլոտային համակարգ, որով կառույցի ղեկավարներն են որոշում աշխատողի արդյունավետությունը․

«Հրաժարվում ենք համակարգից, երբ բոլորը ստանում են համատարած նույն դրույքաչափերը. սա կառավարելիությունը և մոտիվացիան նվազեցնում է։ Քանի որ արդար չէ, որ նույնչափ հավելավճար ստանան ավելի շատ ու քիչ ջանք գործադրածները»,- հայտարարեց նա։

Նրա կարծիքով՝  պետական կառավարման համակարգն արդեն հասել է այն կետին, որ պետք է վարձատրությունները լինեն մրցունակ մասնավորի հետ։