25/01/2026

Թեհրանը Հայաստանին և Ադրբեջանին Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը չխորացնելու «հորդոր է անում»

Անցնող շաբաթասկզբին Իրանի փոխարտգործնախարար Վահիդ Ջալալզադեն այցելել է Բաքու: Նրան ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Դա վկայում է իրանցի դիվանագետի այցի կարևորության մասին:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմին առընթեր գործող «Ատլաս» տարածաշրջանային հարցերով վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն այդ առթիվ ֆեյսբուքյան գրառում է կատարել և հանրայնացրել, որ Ջալալզադեն Բայրամովի հետ բանակցություններից հետո լրագրողների համար մամուլի ասուլիս է անցկացրել:

Կարելի է ենթադրել, որ քննարկված հարցերի շուրջ կողմերը միասնական մոտեցման չեն հասել: Հակառակ դեպքում Բայրամովը և Ջալալզադեն հանդես կգային մամուլի համար համատեղ հայտարարությամբ, ինչը դիվանագիտական ընդունված և հանրաճանաչ պրակտիկա է:

Շահինօղլուի գրառումից հասկացվում է, որ Բաքվում Իրանի փոխարտգործնախարարի այցը գնահատել են որպես Ադրբեջանի հասցեին «սպառնալիք»: Ադրբեջանցի քաղաքագետը Ջալալզադեի խոսքից առանձնացրել է հետեւյալը. «Եթե Իրանի դեմ հարձակում լինի, պատերազմը դուրս կգա նրա սահմաններից»:

Շահինօղլուն համադրել է, որ Իրանի պաշտոնյաները «միշտ ասում են, որ եթե Միացյալ Նահանգները հարվածի Իրանին, Իրանը պատասխան հարվածներ կհասցնի տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին» և հավելել. «ԱՄՆ-ն Ադրբեջանում ռազմաբազա չունի, բայց երկու երկրների միջև ձևավորվում են գործընկերային հարաբերություններ»:

Արդյոք Իրանի փոխարտգործնախարարը պաշտոնական Բաքվին «հորդորել է» զերծ մնալ Միացյալ Նահանգների հետ ռազմական ոլորտում համագործակցությունից:

Խիստ ուշագրավ է, որ ադրբեջանցի քաղաքագետը գրառում է կատարել ԱՄՆ նախագահի կողմից Ադրբեջանին ռազմական նշանակության միջոցներ վաճառելու մտադրության մասին արված հայտարարությունից հետո:

Դոնալդ Թրամփը խոսել է Ադրբեջանին «նավակներ» տրամադրելու մտադրության մասին: Խոսքն, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի Կասպյան նավատորմիղի հզորությունը մեծացնելու և արդիականացնելու մասին է:

Այդ մտադրությունն իրականացնելու դեպքում Ադրբեջանը կարող է Կասպից ծովում Իրանի ռազմա-ծովային ուժերին հակակշիռ ստեղծել:

Իրանի փոխարտգործնախարարը նաև ասել է, որ հարեւան մի քանի երկրներ «հասկացել են և ԱՄՆ-ին զգուշացրել այդ վտանգի մասին»: Ջալալզադեն, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել Սաուդյան Արաբիային, Թուրքիային, Կատարին և Օմանին, որ, ըստ տեղեկությունների, Միացյալ Նահանգների նախագահին հորդորել են Իրանի դեմ ռազմական ուժ չկիրառել:

Դոնալդ Թրամփն այդ մասին մամուլի հրապարակումները հերքել է և հավաստիացրել, որ «որոշում կայացրել է անձամբ»:

Վերջին տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում «հարվածային բռունցք է ձևավորում»: Որոշ աղբյուրներ հայտնում են, որ, ի տարբերություն անցյալ տարվա ամռանը, Միացյալ Նահանգները «մեծ քանակությամբ ԱԹՍ-եր են տեղափոխել»:

Իրանի դեմ ռազմական գործողությունների դիմելու հավանականությունը ոչ միայն չի նվազել, այլև ավելի է բարձրացել: Ռուս-ամերիկյան վերջին բանակցություններում իրանական թեման, դատելով ՌԴ նախագահի օգնական Ուշակովի մեկնաբանություններից, չի քննարկվել, իսկ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը Դավոսից հետո ասել է, որ Իրանը «պետք է ներքին խնդիրները լուծի»:

Հարկ է նաև դիտարկել, որ փոխարտգործնախարար Ջալալզադեի Բաքու այցին գրեթե ունիսոն՝ Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Շիրղոլամին հեղինակային հոդված է հրապարակել և ընդգծել, որ «հակասություններ սկսելը հեշտ է, ավարտելը՝ դժվար»:

Կարելի՞ ասել, որ պաշտոնական Թեհրանը Հայաստանին և Ադրբեջանին Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը չխորացնելու կամ Վաշինգտոնի միջնորդությունից հրաժարվելու «հորդոր է անում»: Պատահակա՞ն է, որ փոխնախագահ Վենսի Հայաստան և Ադրբեջան այցի մասին Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտնել է Իրանի շուրջ իրավիճակի լարվածության «կիզակետային փուլում»: