26/01/2026

Նոր կեղտոտ սադրանք Կրեմլի կողմից ընդդեմ Հայաստանի ու Ուկրաինայի

Ռուսաստանյան Regnum-ը, որ հատուկ ծառայությունների հետ աֆիլացված լրատվամիջոցի կայուն համարում ունի, սոցիալական մեդիայից «ուկրաինուհի –ազգայնականի գրառում» է վկայակոչել, որտեղ նա քննադատել է Լվովում գործող «Երևան» ռեստորանի մենեջերին, թե ինչո՞ւ «ոչ ուկրաինական երաժշտություն է հնչեցնում»:

Օրիսյա Կումսկայան, ըստ լրատվամիջոցի, ֆեյսբուքում գրել է. «Նրանք (Լվովի «Երևան» ռեստորանի աշխատակիցները) ինձ ասացին, որ մեր օրենքներն իրենց համար նշանակություն չունեն»:

Այս «գրառումը» պատճառ է հանդիսացել, որպեսզի Regnum-ը ծավալուն անդրադարձ կատարի Լվովի պատմությանը, հիշեցնի, որ քաղաքում կա «Արմյանսկայա» փողոց, որտեղ հայկական եկեղեցի կա, հիշեցնի, որ Լվովը դարեր շարունակ եղել է «ոչ ուկրաինական քաղաք», և հայերն այնտեղ «ավելի վաղ են հաստատվել, քան՝ ուկրաինացիները, որ եղել են լեհ պաշտոնյաների և հայ գործարարների սպասավորները»:

Լրատվամիջոցն առանձնակի ուշադրության է արժանացրել կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին, հիշեցրել, որ նա Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ էր, նկարահանել է «Մոռացված նախնիների կանչը» ֆիլմը, թաղված է Երևանում, որտեղ ի պատիվ նրա գործում է տուն-թանգարան:

Հոդվածն ավարտվում է այս եզրահանգմամբ. «Որքան էլ Լվովի ներկայիս հայ համայնքը փորձի ուկրաինական պետության հանդեպ լոյալություն դրսեւորել, որքան էլ Ուկրաինայի զինված ուժերի համար միջոցներ հավաքագրի, միևնույն է, ուկրաինականության միջնաբերդ համարվող այդ քաղաքում բնիկների համայնքը կոչվելու է եկվոր»:

Սա արդեն լրագրություն չէ, նույնիսկ քարոզչություն չէ, այլ՝ ախտորոշված սադրանք: Հայկական համայնքներ ներկայիս Ռուսաստանի տարածքում էլ կան: ԵՎ ավելի հին են, քան՝ Լվովում: Բավական է ասել, որ Ղրիմում հայերը բնակություն են հաստատել շատ ավելի վաղ, քան այնտեղ կհայտնվեին ռուսները:

Հայկական բազմադարյա համայնքներ են եղել Աստրախանում, Հյուսիսային Կովկասում, Եկատերինայի հրամանով Ղրիմից բռնատեղահանված հայությունը Դոնի ճահճուտները յուրացրել և Նոր Նախիջևան քաղաք է հիմնադրել: Թվարկումը կարելի է շարունակել և հասնել Սանկտ Պետերբուրգ և Մոսկվա:

Բայց ոչ մի ռուս հեղինակ իրեն երբեք թույլ չի տա ասել, որ Դոնի Ռոստովում հայերը բնիկ են, ռուսները՝ եկվոր կամ Ռուսաստանում ոչ ոք չի հիշի, որ Ղրիմի բնակչության ավելի քան մեկ երրորդը հայերն էին կազմում, երբ Ռուսաստանը թերակղզին Օսմանյան Թուրքիայից գրավել է:

Իսկ ահա Լվովի դեպքում Ռուսաստանի գրեթե պաշտոնական լրատվամիջոցը հայերին՝ բնիկ, ուկրաինացներին «եկվոր» է անվանում:

Այս սադրանքը թույլ է տալիս ենթադրել, որ «Օրիսյա Կումսկայա օգտատիրոջը» հենց նույն լրատվամիջոցն էլ «ստեղծել է», իսկ բուն նպատակը Լվովում և ուկրաինական մյուս քաղաքներում հայերի նկատմամբ ատելության սերմանումն է:

Ըստ երևույթին, Հայաստանի պատկան մարմինները, Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակը պետք է Ուկրաինայի հայ համայնքի հետ շփումները բազմապատկեն: Ուկրաինայում ներքին ցանկացած լարվածությունը բխում է Ռուսաստանի շահերից: