Պուտինը Կրեմլում հյուրընկալել է Նուրսուլթան Նազարբաևին: Այդ մասին հայտնել է Կրեմի թելեգրամյան ալիքը: Պաշտոնական հաղորդագրությունը շեշտել է, որ ընդունելությունը կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահի կրեմլյան հարկաբաժնի սեղանատանը:
Ըստ այդմ, նման բացառիկ պատվի նախկինում արժանացել են միայն Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Կրեմլը նաև ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի առաջին նախագահին ընդունել է ինչպես անցյալ տարվա դեկտեմբերին, այնպես էլ 2025թ. Մայիսի 29-ին: ՏԱՍՍ-ը իր կողմից հավելել է, որ Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1991-2019 թվականներին և հեռացել սեփական նախաձեռնությամբ, որից հետո իշխանությունն անցել է Կասիմ Ժոմարթ Տոկաևին:
Պուտին-Նազարբաև «խորհրդավոր ընթրիքի» մասին որևէ այլ տեղեկություն Կրեմլի թելեգրամյան ալիքը չի հայտնել, բայց փաստն ինքնին չափազանց խորհրդանշական է: Նազարբաևը հայտնի է որպես Եվրասիական տնտեսական միության ջատագով:
Ղազախստանի գործող նախագահ Տոկաևը թեև այդ նախագծին, ինչպես նաև ՀԱՊԿ-ին հրապարակային չի հակադրվում, բայց փաստացի վարում է Կենտրոնական Ասիայի «ներքին ինտեգրացիայի» և ուժային ու տնտեսական այլ բևեռների հետ համագործակցության քաղաքականություն:
Անցնող տարում Կենտրոնական Ասիայի երկրները երեք գագաթնաժողով են անցկացրել Եվրամիության, Միացյալ Նահանգերի և Ճապոնիայի հետ: Տարածաշրջանում ազդեցիկ ներկայություն ունեն Չինաստանը և Թուրքիան:
Անցած ամիսներին տարածաշրջանի երկրների հետ գործնական կապերի ուղղությամբ լուրջ քայլեր է ձեռնարկել նաև Իրանը: Իշխանության գալով՝ Տոկաևը զգալի օրենսդրական փոփոխություններ է կատարել, որ առաջին հերթին սահմանափակել են Նազարբաևի ազդեցությունը:
Նա զրկվել է Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնից, ինչպես նաև «համազգային առաջնորդի» կարգավիճակից:
Նազարբաևը 85 տարեկան է և հազիվ թե քաղաքականություն վերադառնալու ունակ է կամ նման ցանկություն ունի: Հնարավոր է, Վլադիմիր Պուտինը նրան ընդամենը հարգանքի տուրք է մատուցել:
Այդուհանդերձ, Ռուսաստանի նախագահի կողմից նրան հանդեպ ցուցաբերած բացառիկ վերաբերմունքը Ղազախստանում չի կարող աննկատ մնալ: Բոլորի հիշողության մեջ թարմ են Աստանայում և մի քանի մարզերում շուրջ հինգ տարի առաջ տեղի ունեցած «անկարգությունները»:
Աչքի է զարնում փաստը, որ Վլադիմիր Պուտինը Նուրսուլթան Նազարբաևին Կրեմլի սեղանատանը հյուրընկալել է Ղազախստանի նախագահ Տոկաևի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «տևական և հոյակապ» հեռախոսազրույցից հազիվ երկու օր հետո:
Եվ եթե նրանք անգամ Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի աշխարհաքաղաքական-քաղաքակրթական ընտրության հարցին չեն անդրադարձել, արտաքին ընկալումը, միևնույն է, հիմնականում այն է, որ Պուտինը փորձում է Նազարբաևի միջոցով ազդել պաշտոնական Աստանայի արտաքին քաղաքականության վրա:






Բաց մի թողեք
Ալիևը կարո՞ղ է հակադրվել Թուրքիայի ռազմավարական շահերին
Հենց այս երիտասարդն էլ եղել է Կճոյանի մեղքերի խոստովանահայրը․ Լուսանկար
«Նոր կաթողիկոսի ընտրությունից հետո Փաշինյանը կկատարի Անկարայի հրահանգները»