25/01/2026

Ալիևն արդեն Թրամփի «համաշխարհային դերը գնահատում է վերապահումով»

Իլհամ Ալիևի դավոսյան հանդիպումների ֆոնին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ «Խաղաղության խորհրդին» մասնակցելու առաջարկություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկություն ստացվել է հունվարի 16-ին և ընդունվել:

«Ամերիկյան կողմին պաշտոնական նամակ կուղարկվի և համապատասխան ընթացակարգով կարվեն համապատասխան քայլեր: Ադրբեջանը, ինչպես միշտ, պատրաստ է միջազգային համագործակցությանը բերել իր ակտիվ ներդրումը, ինչպես նաև՝ խաղաղության և կայունության ամրապնդմանը»,- ասված է ադրբեջանական ԱԳՆ հայտարարության տեքստում:

Այս տեղեկատվության տարածումից կարճ ժամանակ հետո իշխանական haqqin.az-ը, հղելով դիվանագիտական աղբյուրներին, մեկնաբանել է, որ «Խաղաղության խորհրդին» անդամակցության համար «մեկ միլիարդ դոլար վճարելու մասին լուրերն իրականությանը մասնակիորեն են համապատասխանում» և կոնկրետացրել. «Խոսքը վերաբերում է «Խաղաղության խորհրդին» մշտական անդամակցության վճարին, այն դեպքում, երբ եռամյա ժամկետով անդամակցության համար վճար չի նախատեսվում»:

Այս պարզաբանումից հասկացվում է, որ անցած օրերին Ադրբեջանը քննարկել է «Խաղաղության խորհրդին» մասնակցության կարգավիճակի հարցը: Հավանական է, որ Միացյալ Նահանգներն Ադրբեջանի համար «նախատեսել է «Խաղաղության խորհրդի» մշտական անդամի կարգավիճակ», ինչին պաշտոնական Բաքուն «համաձայնություն չի տվել»:

Ավելի վաղ Ալիևը մերժել է «Միջազգային կայունացնող ուժերին» ադրբեջանական զորախմբի մասնակցությունը և պատճառաբանել, որ երբ Ադրբեջանը «դժվարին ժամանակներ էր ապրում, Պաղեստինը չի օգնել»:

Կարելի է, իհարկե, ասել, որ Ալիևը նաև Գազայի վերականգնման համար գումարներ չի հատկացնում, բայց «Խաղաղության խորհրդի» մշտական անդամի կարգավիճակը տրամաբանորեն պետք է համընկնի նրա անձնական հավակնություններին:

Ի վերջո, դա հնարավորություն է, որպեսզի նա աշխարհի «բախտը որոշողների ակումբի անդամ լինի»: Եվ եթե նա այդ պատեհությունը չի օգտագործում, պատճառն, ամենայն հավանականությամբ, այլ է:

Ոչ ոք վստահություն, երևի, չունի, որ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհուրդը» կկայանա և կվերածվի միջազգային քաղաքականության որոշումներ ընդունող մարմնի: Չկա նաև հստակ երաշխիք, որ Թրամփին հաջորդած ԱՄՆ նախագահն այդ մարմնի նկատմամբ նույն պատկերացումը կունենա:

Ըստ երևույթին, Ալիևն արդեն Թրամփի «համաշխարհային դերը գնահատում է վերապահումով»: Մերժել չի կարող, որովհետև Թրամփն «անկանխատեսելի է», բայց միաժամանակ «դիստանցավորվում է»: Իրական քաղաքականության ռեժիմում «ամեն վայրկյան կարող է բան փոխվել»: Հայաստանում Ալիևի կեցվածքը խորքային գնահատման կարիք ունի: