26/01/2026

Թրամփը «Աբխազիան և Հարավային Օսեթիան հանձնում է Ռուսաստանի՞ն», թե՞ Պուտինի առջև «Վրաստանով ճանապարհ բացում դեպի Հարավային Կովկաս»

Ով կարող է «ոչ» ասել Թրամփին: Դա ընտրություն է ընտրություն չունենալու մասին: «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը ստորագրելու արարողության մասին, ինչպես փոխանցել է իսրայելական ռուսալեզու vesty-ն, Reuters-ին Դավոսում ասել է «արաբական երկրներից մեկի արտաքին գործերի նախարարը»:

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Դոնալդ Թրամփից ստացած առաջարկությունը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Մոսկվան վերջնական պատասխան կտա, երբ ԱԳՆ-ն կտա համապատասխան եզրակացություն և «ռազմավարական դաշնակիցների հետ խորհրդատվություններ կանցկացնի»:

Հետխորհրդային տարածքի երկրների մեծամասնությունը, այդ թվում Ռուսաստանի հետ միութենական պետություն կազմող Բելառուսը և ՀԱՊԿ-ում նրա առանցքային գործընկեր Ղազախստանը, դրական են արձագանքել ԱՄՆ նախագահի հրավերին և, ամենայն հավանականությամբ, ներկա կգտնվել Դավոսի արարողությանը, որ Դոնալդ Թրամփն շտապել է անվանել «ամենակարեւոր իրադարձություն, որ երբևէ աշխարհում տեղի է ունեցել»:

ԱՄՆ նախագահն այդպիսով իր նախաձեռնությունն ավելի բարձր է գնահատել, քան Միավորված ազգերի կազմակերպության ստեղծումը և Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության Հելսնիկյան եզրափակիչ ակտի ստորագրումը:

ՄԱԿ-ի Կանոնադրությունը և Հելսինկյան եզրափակիչ ակտը սահմանում են միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքները՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անվերապահ հարգում, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում, վիճելի հարցերի քաղաքական-դիվանագիտական կարգավորում:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, իհարկե, աշխարհում հակամարտությունների պակաս չի եղել: Դրանք հիմնականում «կառավարել են» գերտերությունները: Եվ միամտություն կլինի կարծել կամ անգամ երազել, թե Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհուրդը», ինչպես ինքն է «վստահեցնում, վերջ է տալու բոլոր պատերազմներին», և Երկիր մոլորակը Միացյալ Նահանգների «նախագահությամբ» մտնելու է «համագործակցության և բարգավաճման դարաշրջան»:

Արաբական երկրի երկրի արտաքին գործերի նախարարը սկզբունքորեն ճիշտ է արտահայտվել կամ դա «նրա անունից» արել է Reuters-ը. Դոնալդ Թրամփը մի առաջարկություն է արել, հանդես է եկել նախաձեռնությամբ, որին «ոչ» ասելն, իրոք, դժվար է: Այդուհանդերձ, եվրոպական երկու երկիր՝ Ֆրանսիան և Գերմանիան, նրան մերժել են:

Ռուսաստանը, որքանով հասկացվում է, նրան չի հետևի: Բայց դրանից չի հետեւում, թե Վլադիմիր Պուտինը պատրաստ է «Թրամփի մոտ նախագահ աշխատել»: Հայտնի չէ Չինաստանի և Հնդկաստանի դիրքորոշումը:

Բայց կոնկրետ իրավիճակում խիստ մտահոգիչ է, որ Հայաստանը և Ադրբեջանը վարչապետի ու նախագահի մակարդակով հրավիրվել են Դավոս, իսկ Վրաստանը՝ ոչ: Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դա իր երկրի «ողբերգություն» է գնահատել՝ մեղադրելով գործող իշխանություններին:

Վրաստանին «Խաղաղության խորհրդի» անդամության հրավեր չուղարկելով՝ ԱՄՆ նախագահը «Վրացական երազանքից» մասնավոր դժգոհությու՞ն է դրսևորել, թե՞ այդ վերաբերմունքը խորքային է:

Միջազգային քաղաքական օրակարգում Հարավային Կովկասը, ավելի ճիշտ՝ Սևծովյան-կասպյան ավազանը, մշտապես դիտվել է որպես միասնական տարածաշրջան, աշխարհաքաղաքական նշանակության մեկ միավոր:

Դոնալդ Թրամփը «Աբխազիան և Հարավային Օսեթիան հանձնում է Ռուսաստանի՞ն», թե՞ Պուտինի առջև «Վրաստանով ճանապարհ բացում դեպի Հարավային Կովկաս»: Այս հավանականությո՞ւնը նկատի ունի Սաակաշվիլին, երբ Դավոսում Վրաստանի բացակայությունը «ողբերգություն» է անվանում: