29/12/2025

Հենց դրա նմաններն են կազմում «մեծարգո վարչապետի» սոցիալական հենարանը․ Լուսանկար

Հայաստանում չկա մի մարդ, որ տեղյակ չլինի Վեհափառի հասցեին գառնեցի Ջնդոյի Էդոյի՝ «Մի հատ քար տփեն գլխին, սատկացնեն» խոսքին: Ինքը վստահաբար միակը չէ, մեր երկրում բազմաթիվ են կիսագրագետ գեղցիները:

Որոնք պատրաստ են էշ-էշ դուրս տալ, որպեսզի աչքի ընկնեն իրենց վերադասների առջև: Ու, որքան էլ առաջին հայացքից զարմանալի հնչի, հենց դրա նմաններն են կազմում «մեծարգո վարչապետի» սոցիալական հենարանը: Այն անձի, ով 2019-ին Աննայի հետ Սինգապուր պաշտոնական այցի ժամանակ հայտարարել էր, թե «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանը ձեռնամուխ է եղել արժանիների իշխանություն ձևավորելուն:

Պետք է ենթադրել, որ Գառնիի համայնքապետարանի ջրի վարձ հավաքողը՝ վերնագրում ներկայացված խոսքի հեղինակը, հենց այն արժանի անձանցից է, ում ուղղությամբ նայելով՝ պետություն է կառավարում Փաշինյանը: Ենթադրում եմ, որ գառնեցին մասնակցած կլինի Հակոբյան Աննայի կազմակերպած՝ նորաձև կրթության տեղական շոուներից մեկին: Ու հենց դա էլ նրա «կրթվածության» դրսևորումն է:

Ինչ մնում է արտասանված խոսքի համար պատասխանատվությանը, ապա իրավապահները, բնականաբար, նրա հանդեպ ոչինչ չեն ձեռնարկի: Ինքը ո՛չ քրեական գործ կշալակի և ո՛չ էլ երևի կազատվի աշխատանքից: Իսկ եթե վերին իշխանության հասցեին նման բան իրեն թույլ տար ընդդիմությանը համակրող կամ նույնիսկ քաղաքանապես չեզոք որևէ մեկը, ապա անմիջապես կհայտնվեր ոստիկանության ձեռքում ու դատարանի որոշմամբ կուղեկցվեր կալանքի վայրերից մեկը: Դա հենց նոր կամ «իրական» Հայաստանում հաստատված՝ խեղված արդարության ցուցիչն է: Ձևավորված այն անձի կողմից, ով նախքան վարչապետ կարգվելն իր ողջ գիտակից կյանքում կռիվ էր տալիս նախկինների օրոք հաստատված անարդարության դեմ: Ու ինձ նմաններն էլ միամտաբար հավատում էին դրան:

Եթե ինչ-որ մեկին թվա, թե գյուղացի մարդ է՝ դրանից ինչ պահանջես, ներկայացնեմ ՔՊ-ական կրթված երևանցու խոսքը, ով իրավաբանություն է սովորել ԵՊՀ-ում: Խոսքը Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Գալջյան Արմենի մասին է:

Վերջինս արձանագրում է, որ սխալներ ունեցող յուրաքանչյուր մարդ և այդ թվում՝ հոգևորական, իրավունք ունի այդ սխալներն ընդունելու և փոխվելու: Ես կճշտեի՝ ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է: Կենտրոնանալով երկու-երեք տասնյակ հոգևորականների վրա, սակայն նրանց բազմաթիվ ներկայացնելով, ինչը կեղծիք է, խոսում է ներելու երևույթի մասին: Ինչին հետևում է խոսքի մանիպուլյացիոն մասը. «Իրենք արձանագրել են այն խնդիրները, որ կան եկեղեցում և դա նշանակում է, որ իրենք ընդունում են այն սխալները, որոնք որ տեղի են ունեցել և գնում են սխալների ուղղման ճանապարհով»:

Նախ, եկեղեցում առկա սխալների արձանագրումը չի նշանակում, որ դա փոխվելու վկայություն է: Որովհետև սխալները կարող էր արձանագրել նաև չեզոք և փոխվելու խնդիր չունեցող անձնավորությունը: Նավասարդ Կճոյանը (Բենթլի Սամոն) ու մյուս հոգևորականները կարող են փոխվել միայն մի դեպքում, եթե ապաշխարեն գործած մեղքերը խոստովանելու միջոցով: Այնինչ, որևէ մեկը չի լսել, որ իրենք, նախ, խոստովանեն իրենց մեղքերը: Կճոյանն, օրինակ, մեղա չի եկել զավակ ունենալու կամ բիզնեսով զբաղվելու համար:

Եվ երկրորդ, «դոմփելն» ու «շինելը» առօրյա խոսքեր դարձնողի հետ եկեղեցու դեմ գնալը վկայում է ոչ թե փոխվելու, այլ ավելի մեծ չափով մեղք գործելու մասին: Ինչը պետք է որ գիտակցեր ԵՊՀ-ում իրավաբանի կրթություն ստացած երիտասարդը, բայց քանի որ իրենից հենց նման բնույթի դատողություններ են պահանջվում, ինքն էլ այդպիսի մտքեր է բարձրաձայնում: Սա էլ Նիկոլի սոցիալական հենարանի երկրորդ մասն է:

Բայց դա էլ վկայում է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հենված է կա՛մ կիսագրագետ գեղցիների, կա՛մ էլ կրթություն ստացած, սակայն դա հասարակության բարոյականության տեսակետից ի չարս գործադրող անձանց վրա: Իսկ նման դրվածքը չի կարող կոչվել արժանիների իշխանություն:

Եվ արդյունքում մենք ոչ թե կվերածվենք նորմալ պետության, այլ ավելի կխորացնենք մեր և ապագային միտված երկրերի միջև առկա ճեղքվածքը: Եթե նույնիսկ վերացարկվենք իշխանության գործած բազմաթիվ այլ մեղքերից: Ինչը նշանակում է, որ դրան վերջ տալու համար անհրաժեշտ է միավորվել և 2026-ի հունիսի 7-ի ԱԺ ընտրությանը «Ոչ» ասել Նիկոլին ու նիկոլականներին՝ լինեն դրանք գեղցի թե կրթված: