09/01/2026

Նախկինում չդասավանդած ավելի քան 4000 ուսուցիչ է մուտք գործել դպրոց. նրանց 80 տոկոսը մինչև 40 տարեկան է

2024 թվականին և 2025-ի առաջին կիսամյակում մեր դպրոցներ մուտք են գործել ավելի քան 4000 նոր ուսուցիչներ:

Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ նրանք մարդիկ են, որոնք մինչ այդ չեն դասավանդել դպրոցներում և 2025-2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակի դրությամբ մեր դպրոցներում աշխատում են որպես ուսուցիչ:

«Ուսուցիչների 80 տոկոսը մինչև 40 տարեկան մարդիկ են: Ինչը նշանակում է, որ այս քաղաքականությունը, որը ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացմանն է միտված, կոնկրետ արձագանք է ունենում: Այն մարդիկ, որոնք նախկինում գուցե չէին մտածել դասավանդման մասին, գուցե իրենց փորձում էին այլ ասպարեզում, վերադառնում են դպրոց կամ մտնում են դպրոց աշխատանքի: Այդ ուսուցիչները գալիս են համալրելու նաև մեր ուսուցչական համակազմի շարքերը»,- ասաց նա:

Դպրոցների պատերին տեղադրվում է «Լավ սովորիր, որ լավ ապրես» կարգախոսը երեխաների համար, քանի որ դա ուղղորդում է նրանց գիտելիքների ու հմտությունների զարգացման վրա աշխատելու համար։

Աբովյանի դպրոցում շրջայցի ժամանակ նա հայտարարել է, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար տեղադրված են վերելակներ։ Անդրեասյանի ներկայությամբ ստուգվել են նաև դպրոցների կախիչները․ «1600-ից ավել աշակերտ ունեցող դպրոցում, եթե ունենք դպրոց, որտեղ ամեն ինչ ակտիվ օգտագործվում է, շատ բնական է, որ ինչ-որ բաներ պետք է պոկվեն, նորից ամրացնենք, ինչ-որ բաներ պետք է մաշվեն, մենք էլ փոխարինենք։ Մենք ուղղորդում ենք, որ դպրոցներն ակտիվ, բայց խնամքով օգտագործեն»։

Որևէ դպրոց չի ստացել պակաս դասագիրք․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով  հարցին՝ ինչո՞ւ դեռ կան դպրոցներ, որոնք դասագրքերի պակաս ունեն։

«Կխնդրեմ կոնկրետ լինել։ Բոլոր դասագրքերը, որոնք մրցույթների արդյունքում ընտրվել են, տպագրվել են և բաժանվել են դպրոցներին մինչև սեպտեմբերի 1-ն այն քանակներով, որոնք դպրոցների կողմից պատվիրված է եղել»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այդ լուրերն ապատեղեկատվություն են։

Ցավոք, մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ թմրանյութերը մեր իրականության մաս են։ Դա այդպես չպիտի լինի, բայց այդպես է, և դպրոցները պաշտպանելու կարիք կա․  այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը. «Այստեղ ես մեր անելիքը տեսնում եմ անվտանգության ստանդարտների սահմանման և դրանց իրացման մեջ։ Մենք մեր կողմից շատ աչալուրջ ենք»։