31/12/2025

Նոր տարում Ուկրաինան գրոհի կենթարկվի նաև հյուսիսից

Անցնող տարվա վեջին աշխատանքային օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նշանավորել է Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատարներին բողոքի նոտայի փոխանցմամբ:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովստին, մերձբալթյան երեք երկրների դիվանագիտական ներկայացուցիչներին «վճռական բողոք է հայտնվել Ռիգայում, Վիլնյուսում և Տալլինում Ռուսաստանի դեսպանատների տնտեսական գործունեությունը սահմանափակելու կապակցությամբ»:

Պաշտոնական տեղեկատվությունը չի հստակեցրել, թե Ռուսաստանի դեսպանատները Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում կոնկրետ ի՞նչ սահմանափակումների են ենթարկվել: Փոխարենը ռուսաստանյան պաշտոնական լրատվամիջոցը մեկնաբանել է, որ մերձբալթյան երկրներն «արդեն տևական ժամանակ է, ինչ Ռուսաստանի նկատմամբ բացահայտ թշնամական քաղաքականություն են վարում»:

Զուգահեռաբար հայտնի է դարձել, որ ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների բանակցություններից հետո եվրոպական առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մամուլին ասել է, որ եկող տարվա առաջին օրերին մտադիր է կազմակերպել Ուկրաինային աջակցող երկրների գագաթնաժողով:

Ռուսաստանյան քարոզչությունը լայնորեն քննարկում է Թրամփ-Զելենսկի բանակցությունները՝ հիմնականում շեշտադրելով, որ Ուկրաինայի նախագահը «ոչ մի աջակցություն չի ստացել»:

Այս ֆոնին արտառոց է թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված օրենքը, որ նախատեսում է եկող տարի անցկացնել պահեստազորայինների զորակոչ: Ըստ պաշտոնական մեկնաբանության, պահեստազորայինները «պետք է ապահովեն կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների անվտանգությունը»:

Մեկնաբանները, մինչդեռ, ուշադրություն են հրավիրում օրենքի այն դրույթին, որի համաձայն պահեստազորից զորակոչվածների նկատմամբ կիրառելի է ռազմական դրության պայմաններում դասալքության համար պատիժը:

Ակնհայտ է, որ Ռուսաստանը պատերազմը դադարեցնելու և անգամ Ուկրաինայի համար ներկայումս ոչ նպաստավոր պայմաններով խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի: Իշխող տպավորություն է, որ մարտական գործողություններն Ուկրաինայի տարածքում ոչ միայն կշարունակվեն, այլև ավելի կծավալվեն:

Ռուսաստանի պաշտապանության նախարարությունը առաջին անգամ հրապարակել է «Օրեշնիկ» հրթիառային համակարգի լուսանկարները: Պաշտոնապես հայտարարվել է, որ համակարգը մարտական ծառայության է անցել Բելառուսի տարածքում:

Ըստ երևույթին, իր երկրի տարածքը պատերազմի գոտի չդարձնելու Ալեքսանդր Լուկաշենկոյի ջանքերը ցանկալի արդյունքի չեն հասել: Նոր տարում, հավանաբար, Ուկրաինան գրոհի կենթարկվի նաև հյուսիսից: