30/12/2025

Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ Գյուղնախարարի ժամկետանց մեղադրանքը նորից կքննեն

2024 թվականի մայիսի 31-ին դատարանը` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արդարացրեց՝ հերքելով դատախազության ապացույցներն ու մեղադրանքը, թե իր նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը կազմակերպել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն։

Հրապարակ թերթը գրել է․ Ըստ մեղադրանքի՝ տարիներ առաջ դիզվառելիքի պետական սուբսիդիայի տրամադրման ժամանակ մոտ կես միլիարդը յուրացվել է, քանի որ մրցույթը շահել է մյուս ընկերություններից ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ»-ը, որի սեփականատերը Սերժ Սարգսյանի մտերիմ է։

Նախկին նախագահին մեղադրում էին տենդերի վրա անօրինական ճնշում գործադրելու եւ իր ընկերոջ օգտին ուղղորդելու համար: Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, նրա պաշտպաններն էլ գործընթացը որակել էին որպես քաղաքական հետապնդում։ Եթե անգամ դատարանը մեղավոր ճանաչեր նախկին նախագահին, Սարգսյանը ճաղերի ետեւում չէր էլ հայտնվի, քանի որ արդեն իսկ անցել էր գործի վաղեմության ժամկետը։

Գործով արդարացվել են նաեւ մյուս երկու մեղադրյալները՝ Սարգսյանի մտերիմ գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն ու Գյուղատնտեսության նախարարության նախկին աշխատակից Գեւորգ Հարությունյանը, մյուս 2 մեղադրյալները՝ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը եւ նախարար Սերգո Կարապետյանը մահացել են, նրանց նկատմամբ հետապնդումը դադարեցվել է մահվան հիմքով։

Երեկ մենք տեղեկացանք, որ այս գործը կրկին ուղարկվել է դատարան՝ նոր քննության։ Գործն այժմ Հակակոռուպցիոն դատարանում է՝ դատավոր Խաչիկ Ղազարյանի վարույթում։

Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը «Հրապարակ»-ին պարզաբանեց իրավիճակը․ «Առաջին ատյանի դատարանը կայացրել էր արդարացման դատավճիռ, դրանից հետո Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանն այդ ակտը բեկանել էր, դրանից հետո գլխավոր դատախազը եւ մենք բողոքներ էինք ներկայացրել Վճռաբեկ դատարան, որը վարույթ չի ընդունել` ոչ մեր, ոչ դատախազության ներկայացրած բողոքները, հիմա գործը նորից եկել է առաջին ատյանի դատարան»։

Ըստ Մակինյանի՝ Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանը Սերժ Սարգսյանի  անմեղության հարցը կասկածի տակ չի դրել, ընթացակարգային հարցեր է նշել, որ պետք է քննվեն․ «Թե առաջին ատյանի դատարանը, թե վերաքննիչը դատարանը անմեղությունը ֆիքսել են»։

Նույն գործով, վաղեմությունն անցած մեղադրանքով Սերժ Սարգսյանը, փաստորեն, կրկին կկանգնի դատարանի առաջ։ Սա նրան առաջադրված 5 մեղադրանքներից մեկն է: Առաջինը դիզվառելիքի գործն է, որով նախկին նախագահն արդարացվել է եւ այժմ «երկրորդ կռուգով» է քննվելու, երկրորդն առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, պաշտոնեական դիրքն օգտագործելով` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման ենթադրյալ գործն է, որը դատարանում քննվում է, երրորդը՝ գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք վերցնելու գործն է, որը եւս դատարանում է, եւ մի գործ էլ վերաբերում է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, կաշառք վերցնելու, պաշտոնը չարաշահելու մեղադրանքին:

Այս գործի եզակիությունն այն է, որ այն կահարուցվել է 5 տարի առաջ` 2020 թվականին մահացած հայտնի գործարար Միկա Բաղդասարովի ցուցմունքի հիման վրա, որից նա առերեսման ժամանակ հրաժարվել է: Քրեական գործը հարուցվել է 2019-ին։ Շուրջ 6 տարի տեւած նախաքննությունից հետո՝ հուլիսի 2-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդեց, որ գործն ուղարկվել է դատարան։

Սա, իհարկե, ընտրություններից առաջ իշխանության հերթական փիար քայլն է` «նախկին թալանչիների» քարոզչական թեզը վերակենդանացնելու եւ նորից հանրությունից քվեներ կորզելու նպատակով։