30/12/2025

Փաշինյանը ինքն է առաջարկներ անում եւ հանձնելու մասին տեղեկություններ տալիս. Թուրքագետ․ Լուսանկար

Մինչ Հայաստանի իշխանությունը ազատվում է ազգային խորհրդանիշերից, թատերական ներկայացումներ է գրաքննում, խոսում է բանակի ծախսերը չավելացնելու ու պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին, Բաքվում գնում են հակառակ ճանապարհով՝ 2025 թվականի համեմատ Ադրբեջանը զինված ուժերին եւ ազգային անվտանգությանը հատկացվող ֆինանսավորումը որոշել է ավելացնել եւս 90 միլիոն դոլարով:

Ադրբեջանի ռազմական բյուջեն եկող տարի կկազմի 5 միլիարդ 120 միլիոն դոլար։ Պաշտպանական ծախսերն այդ երկրի բյուջեի 21 տոկոսը կկազմեն:

Փաշինյանի բնութագրած «դժգույն ու դժբախտ» Շուշիում նրա գործընկեր Ալիեւը Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սելջուկ Բայրաքթարօղլուի հետ է հանդիպում ու խոսում այն մասին, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում` «հատկապես ռազմական ոլորտում»։ Այս ամենը տեղի է ունենում մի տարածաշրջանում, որտեղ Հայաստանի իշխանությունների պնդումներով, հաստատվել է բաղձալի խաղաղությունը ու այն մենք արդեն վայելում ենք:

«Սկզբում ինձ նման շատերը, որոնք հասկանում էին, որ Նիկոլից լավ բան դուրս չի գալու, կարծում էին, որ նա եկել է իշխանության Արցախը հանձնելու համար, բայց հետագայում արդեն երեւաց, որ խնդիրը միայն Արցախը չէ: Ես ասել եմ, որ այստեղ 3 իշխանություն կա, որոնք իրար հետ համագործակցում են՝ հանուն թուրքական շահերի, մեկը Էրդողանն է, մյուսը՝ Ալիեւը եւ երրորդը՝ Նիկոլ Փաշինյանը: Արդեն այնպիսի վիճակի ենք հասել, որ շատ միամիտ պետք է մարդ լինի, որ դա չհասկանա»,- Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա եռանկյունու ու գետնի վրա գործընթացների մասին «Հրապարակ»-ին ասում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ նորից կրկնելով, որ այլեւս կասկած լինել չի կարող, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության է բերվել դրսի ուժերի կողմից:

Մեր զրուցակցի խոսքով, թուրքերն ու արդբեջանցիները բացեիբաց են ասում, որ Նիկոլ Փաշինյանն աշխատում է իրենց շահերի համար, ուստի զարմանալի չեն այն քայլերը, որոնք իրականացնում են ՀՀ իշխանությունները. «Յուրաքանչյուր քայլ, որը կատարում է օրվա իշխանությունը, Ադրբեջանի ու Թուրքիայի օգտին է ու ի վնաս Հայաստանի: Եթե հայերի մեջ դեռ նրա նկատմամբ ինչ-որ հավատ ունեցողներ կան, ապա նրանց հետ ոչինչ հնարավոր չէ անել, անհույս դեպքեր են»: Թուրքագետը կարծում է՝ անգամ Անկարան ու Բաքուն էլ Փաշինյանի առաջ պահանջ դնելու կարիք չունեն, դեռ չպահանջած` նա մեկ առ մեկ բավարարում է նրանց շահերը՝ նույնիսկ առաջ ընկնելով:

«Ադպես եղավ Սյունիքի հետ կապված՝ Մեղրիի միջանցքի խնդիրը, այդպես եղավ, երբ մեր վարչապետը պահանջեց մի քանի ճանապարհ տալ Ադրբեջանին, այն դեպքում, երբ մինչեւ այդ, ադրբեջանցիներն այդպիսի պահանջ չունեին: Այսինքն, Ադրբեջանը եւ մյուս կողմից էլ` Թուրքիան, արդեն մեր հետեւից են գալիս: Վերջին տարիներին  շարունակ,մենք ենք ինչ որ բան առաջարկում, ադրբեջանցիներն էլ ասում են՝ լավ, խոստացել ես, տու՛ր: Հիշու՞մ եք այդ խոսքը, որը Ալիեւը մի քանի անգամ արտաբերել է՝ խոստացել եք՝ կատարեք: Մենք ի՞նչ ենք խոստացել՝ որպես հայ ժողովուրդ, տեղյակ չենք, իսկ սա նշանակում է, որ մութ սենյակներում, մութ անկյուններում ինչ-որ բաներ են խոստացել:

Այսինքն, ՀՀ իշխանության առաջարկն է, որ իրենք պահանջում են: Փաշինյանը ինքն է առաջարկներ անում եւ հանձնելու մասին տեղեկություններ տալիս, թուրքերն էլ մեծ սիրով այդ ամենը ընդունում են»,- կարծում է թուրքագետը:

Լոքմագյոզյանը ուշադրություն է հրավիրում այն ժամկետի վրա, որ օրերս Թուրքիան է նշել, թե` Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ակնկալվում է ստորագրել մինչեւ 2026թ-ի առաջին կեսը: Սա, ըստ մեր զրուցակցի, նշանակում է, որ պայմանավորվածություններ կան, որի հետ կապված, թուրք-ադրբեջանական կողմերը նորից ինչ-որ բաներ են ստանալու եւ գուցե դրանից հետո Անկարան Բաքվին  համոզի՝ ստորագրել փաստաթուղթը: Այս համատեքստում տեղին է նկատել, այսպես կոչված, սահմանազատման հանձնաժողովների ակտիվացումը, որի վերջին հանդիպումը, ըստ «Հրապարակ»-ի տեղեկությունների, եղել է օկուպացված Արցախում:

«Երբ Թրամփի միջնորդությամբ փաստաթուղթը նախաստորագրվեց, դա այնպես ներկայացվեց աշխարհին, կարծես թե խաղաղության պայմանագիր է ստորագրվել, սակայն դա խաղաղության պայմանագիր չէ, այլ խաղաղության հասնելու վերաբերյալ երկու կողմի մոտեցումներն են, ցանկությունները: Հիմա կարող են 2026 թվականի  նախապայմանագիրը ստորագրել, որը էլի պայմանագիր չի լինի: Ես կարծում եմ, որ վերջնական պայմանագիր չի ստորագրվի, մինչեւ Ադրբեջանն ու Թուրքիան, բայց հատկապես Ադրբեջանն, իր բոլոր պահանջների պատասխանը չստանա, այսինքն, բոլոր խոստումների կատարումը՝ 3 ճանապարհ, միջանցք, նոր տարածքներ: Այստեղ ամենամեծ խնդիրն այն է, որ մեր իշխանությունը մեզ խաբում է եւ այդ ամենը ներկայացնում է որպես փոխզիջում»-նշում է Լոքմագյոզյանը:
Մեր զրուցակիցը հարցնում է՝ կա՞ մեկը Հայաստանում, որը գեթ մեկ փոխզիջում է տեսնում Ադրբեջանից ու հիշեցնում է հենց թեկուզ հումանիտար խնդիրները՝ հայկական կողմը Ադրբեջանին հանձնեց հանցագործներին, բայց գերիներին հետ չստացավ, հանձնում է տարածքներ, բայց ինքը չի ստանում: Ադրբեջանցիների, այսպես կոչված, վերադարձին համաձայնում է, բայց ոչ ոք չի խոսում այն մասին, որ հայերն էլ գնան Ադրբեջանում ապրեն, խոսում են «անխոչընդոտ ճանապարհի» մասին, բայց նույնը Ադրբեջանից չեն ստանում՝ չնայած նրան, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Լաչինի միջանցքով դա ֆիքսված էր: Մինչդեռ, արդյունքում, հայկական կողմը ոչ միայն Լաչինի միջանցքը չստացավ, այլեւ ամբողջ Արցախը հանձնեց, իսկ ժողովուրդը տեղահանվեց:

«Հրապարակ». Մենք ի՞նչ ենք խոստացել՝ որպես հայ ժողովուրդ