13/12/2024

Մեկանգամյա դեղատոմսով կարող են բավականին երկար ժամանակի համար դուրս գրվեն դեղեր. Ավանեսյանը՝ նոր համակարգի մասին

«Համակարգը նորմալ աշխատում է, բայց, իհարկե, հասկանում ենք, որ ցանկացած նոր ինստիտուտի ներդրման պարագայում լինում են նաև համակարգից օգտվելու բարդություններ, տեղեկատվության պակաս»:

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով էլեկտորանային դեղատոմսի համակարգի ներդրմանը:

«Մենք ամենօրյա ռեժիմով հավաքագրում ենք բոլոր խնդիրներն ու բողոքները, եթե խնդիրներ կան, դրանց արագ լուծում են տրվում, ամփոփվում են ամենաշատ տրվող հարցերը, և օրական ռեժիմով մենք պատասխանում ենք դրանց: Այս օրերի ընթացքում մոտ 40 հազար դեղատոմս է դուրս գրվել, այս թիվը խոսում է այն մասին, որ համակարգը նորմալ աշխատում է: Իհարկե, ես նաև հայցում են այն քաղաքացիների ներողամտությունը՝ հասկանալով, որ ցանկացած էլեկտրոնային և նման մեծ թվով անձանց վերաբերելի բարեփոխումների ընթացքում առաջին օրերին լինում են բարդություններ, բայց հասկանում ենք, որ այս բարեփոխումները նպաստում են առաջին հերթին մեր քաղաքացիների առողջության պահպանմանը»,- նշեց Ավանեսյանը:

Հարցին, թե ինչի՞ն են վերաբերում բողոքները, Ավանեսյանն արձագանքեց. «Բողոքները վերաբերում են տեղեկատվության պակասին, այսինքն՝ մարդկանց մոտ երբեմն շփոթություն է լինում, որ, օրինակ, միևնույն դեղը մի քանի անգամ ձեռք բերելու համար ամեն անգամ պիտի գնան դեղատոմս ստանալու: Մենք ասում ենք, որ՝ ոչ, անհրաժեշտություն չկա, մեկանգամյա դեղատոմսով կարող են բավականին երկար ժամանակի համար դուրս գրվեն դեղեր, և ամեն անգամ դրա համար քաղաքացին բժշկի չգնա»:

Մարտի 1-ից հակաբիոտիկների նշանակումը լինելու է էլեկտրոնային դեղատոմսով, քաղաքացիները բժշկի կողմից նշանակված դեղերը դեղատներից կկարողանան գնել ոչ թե թղթային տարբերակով՝ դեղատոմսերի միջոցով, այլ էլեկտրոնային եղանակով: