Խորհրդարանի դահլիճում դրաման, կատակերգությունը եւ քաղաքական վենդետան միախառնվել են իրար։ Այդ թատրոնում միայն մի բան է պակասում՝ սովորական, ձանձրալի, բայց պետության համար խիստ անհրաժեշտ քաղաքական քննարկումը։
Ասենք, Նիկոլ Փաշինյանի եւ Լեւոն Քոչարյանի հարցուպատասխանը դուրս եկավ տնտեսական ցուցանիշների ու պետական ռազմավարության սահմաններից ու սահուն մտավ ընտանեկան միլիոնների, մեղադրանքների, դատ ու դատաստանի տիրույթ։
Վարչապետն անգամ հիշեց Աստվածաշունչը՝ «Մի՛ դատեք, որ չդատվեք», ու հաջորդ պահին հակադրվեց. «Դատում եմ ու պատրաստ եմ դատվել նույն դատաստանով»։ Եվ եթե հավելենք, որ այդ խոսակցությունից ժամեր անց իրավապահները մտան Քոչարյանների տուն, ապա «աբսուրդի թատրոնի» բեմադրիչը կարող է միանգամայն գոհ լինել` իր բեմադրությունը «միս ու արյուն է ստացել»:
Փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանի եւ ընդդիմադիր պատգամավորների վեճը հասավ նրան, որ նիստը վարողը, ընդդիմադիրների ելույթներին շարունակաբար արձագանքելուց հետո, «թատերաբեմ» հրավիրեց պետական պահպանության ծառայության աշխատակիցներին։
Խորհրդարանական բանավեճի նոր կանոնակարգ կարելի է առաջարկել. եթե փաստարկները ձեզ չեն համոզում, հրավիրեք պահպանության ծառայությանը։ Իսկ մենք կարծում էինք, թե խորհրդարանում հաղթում են փաստերով, քվեարկությամբ, խելացի խոսքով։ Խորհրդարանական նորարարություն է իրականացվել. քաղաքական հիմքին ավելացել է հաստաբազուկ «հավելված»։
Հետո լսեցինք ամենակարճ եւ, թերեւս, «ամենակատարյալ» խորհրդարանական բանավեճը. «Շփոթվել եք», «Դուք եք շփոթվել»։ Սոկրատեսը գերեզմանում շրջվեց` փիլիսոփայության 2500 տարվա հարցն ամփոփվեց երկու նախադասության մեջ։ Ինչո՞ւ այլեւս չարչարվել` փաստարկներ բերել, համոզել դիմացինին։
Կարելի է ասել՝ շփոթվել ես, սխալվել ես, չէ` դու ես սխալվել, եւ այսպես բանավեճը կվերածվի հոգեբանական ախտորոշման, իսկ խորհրդարանը՝ տղայական անմիտ վեճի մրցույթի ու ինքնահաստատման վայրի։ Պետությունը շփոթված, բայց հաստատուն քայլերով գնում է դեպի գահավիժում:
Փաշինյանը հայտարարում է, որ ընտրությունների արդյունքով արձանագրված է, որ չորրորդ հանրապետությունը հիմնադրվել է, իրականություն է։ Այսինքն՝ այլեւս պարտադիր չէ ունենալ պետական նոր կառուցվածք, սահմանադրական ակտ, օրենքներ, բավական է ընտրություն անցկացնել եւ հայտարարել, որ պատմական նոր էջ է բացվել։
Հանրապետություն թիվ 4, իսկ Հանրապետություն թիվ 3-ի հուղարկավորությունը ե՞րբ է եղել, որ մենք չենք նկատել։ Նոր Սահմանադրության մասին էլ հայտարարեց, որ տեքստում 1990 թ. Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի, քանի որ դա նշանակում է «Ղարաբաղյան շարժման շարունակություն եւ վերադարձ հակամարտության տրամաբանությանը»։
Ստացվում է. քաղաքացին քվեաթերթիկով ոչ միայն կառավարություն է ընտրել, այլեւ պատմության խմբագրի պաշտոնն է ստանձնել։ Հաջորդ ընտրություններին քվեաթերթիկի վրա կարելի է գրել. «Քվեարկելով ՔՊ-ի օգտին՝ համաձայն եմ այն ամենին, ինչը դեռ չի գրվել, բայց հետո կարող է գրվել»։
ԵՄ-ին դեռ անդամակցություն չկա, բայց կա անդամակցության դիմում ներկայացնելու գործընթացի գործընթաց։ Այսինքն՝ մենք դեռ դռան մոտ չենք, բայց քննարկում ենք՝ ո՞ր դռան բռնակն է ավելի եվրոպական։ Իսկ ՀԱՊԿ-ի մասին ասվում է, որ առաջիկա հինգ տարում վերադարձի ծրագիր չունենք, եւ եթե ՀԱՊԿ-ն ինքը Հայաստանը հեռացնի, ինքը (միահեծանը) գոհ կլինի։ Սա արդեն դիվանագիտական լեզվի միանգամայն նոր դպրոց է։
Դիվանագիտության դասագրքերն ասում են. «Հայաստանը կշարունակի իր շահերից բխող քաղաքականությունը», կամ՝ «Գնահատում ենք գործընկերների հետ հարաբերությունները»։ Մեր տարբերակն ավելի պարզ է. «Դու ինձ չե՞ս ուզում։ Հրաշալի։ Ես ուրախ եմ, գոհ եմ»։ Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ պատրաստ է նույնիսկ կախաղան բարձրանալ, եթե ժողովուրդը ցանկանա։
Այստեղ արդեն քաղաքականությունը լքում է ամբիոնը եւ մտնում տրագեդիայի ժանրի թատերականացման փուլ։ Բեմ է դուրս գալիս կախաղանը, քաղաքական գործիչը դադարում է լինել կառավարության ղեկավար, դառնում է իր իսկ քաղաքական դրամայի գլխավոր հերոսը։
Քաղաքական պատասխանատվությունը վերածվում է անձնական զոհաբերության, դերասանությունը դառնում է կառավարման միջոց։ Որ հասարակությունը մտածի՝ «տեսա՞ք, մարդը պատրաստ է կախաղան բարձրանալ, ինչպիսի՜ անձնազոհություն»։
Բայց պաշտոնյան պետք է պատասխանատու լինի իր որոշումների համար եւ թատերականացված տեսարաններ չբեմադրի, ողբերգական կերպարի մեջ չմտնի, իսկ ինքնազոհության մասին կեղծ հայտարարությունը հաշվետվություն չէ։ Քաղաքական մելոդրաման պետական կառավարման մեթոդ չէ։
Ամենավտանգավորն այն է, որ աբսուրդը դառնում է քաղաքական լեզվի բնականոն ձեւ ու կառավարման պարտադիր պայման։ Մենք այնքան ենք ընտելացել դրան, որ այլեւս չենք հարցնում՝ ինչո՞ւ։ Ասում է՝ նոր հանրապետություն եմ հիմնադրել, չենք հարցնում՝ ինչպե՞ս, ինչո՞ւ։
Ասում է՝ Հռչակագրին հղում պետք չէ, ՀԱՊԿ-ից հեռացվենք՝ գոհ կլինեմ։ Իսկ մենք քննարկում ենք՝ ի՞նչ տոնով ասաց, ո՞ւմ էր ուղղված։ Ասում է՝ կախաղան կբարձրանամ, քննարկում ենք՝ դա համարձակությո՞ւն էր, թե՞ մանիպուլյացիա։ Իսկ ամենապարզ հարցերը կամաց հեռանում են տեսադաշտից: Եվ աբսուրդը դառնում է պետական լեզվի նորմ։
Իսկ ո՞վ է պատրաստ պատասխան տալ իր արած-չարածի համար, քանի դեռ կախաղանը բեմական դեկոր է, իսկ երկիրը՝ իրական։ Ժողովրդավարական երկրի ղեկավարին չեն ընտրում, որպեսզի նա ժողովրդի առաջ մահվան տեսարաններ բեմադրի կամ Ավետարանից մեջբերումներ անի, ընտրում են երկիրը կառավարելու համար։
Իսկ եթե քաղաքականության փոխարեն մեզ առաջարկում են թատրոն, գոնե պետք է խոստանան, որ ներկայացման տոմսի գինը պետությունը չի վճարելու։

Բաց մի թողեք
Նոր պաշտոնանկություներ կլինեն
imID համակարգում խափանում է արձանագրվել. Լուսանկար
Կան հիմքեր՝ կարծելու, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերը չէ