12/12/2024

Ուզում ենք այս տարի սկսել Աջափնյակի կայարանի կառուցումը․ Երևանի քաղաքապետ

Ավարտվել է մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծանախահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթը, որի արդյունքում հաղթող կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր։ Սա վերաբերվում է փորձաքննության աշխատանքներին, որոնք կտևեն երկու ամիս։

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

«Այս պահին ճարտարապետահատակագծային փաստաթղթերի կազմման փուլում ենք։ Ավարտման փուլում է ազդեցության գոտում գտնվող հողերի գերակա շահի մասին որոշման փաստաթղթերի պատրաստումը»,- ասաց Երևանի կառուցապատման և ներդրումային գրասենյակի տնօրենը։

Քաղաքապետն էլ ընդգծեց․ «Մեր գործընկերներին տրամադրվել է նախագիծը մասնագիտական կարծիքներ տրամադրելու համար։ Ուզում ենք այս տարի սկսել կայարանի կառուցումը, ինչը պահանջում է մեր կողմից ջանք, որպեսզի մեր բոլոր գործընկերները տեղեկացված լինեն նախագծից, և համալիր փորձաքննության փուլը ևս հնարավոր սեղմ ժամկետներում անցնենք»: