27/07/2024

Տուժածները ներխուժել փորձող անձինք են. ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Նոր Նորքի բաժնի մոտ զինված միջադեպից

Այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ Ոստիկանության բաժնի դիմաց:

Ձեռնարկվում են համապատասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու համար:

Հիշեցնենք՝ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ, որտեղ հավաքվել մի խումբ քաղաքացիներ, հիմնականում «Մարտական եղբայրության» անդամներ, ովքեր պահանջում են, որպեսզի ոստիկանները ազատ արձակեն իրենց համակիրներին:

Ոստիկանության շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել, 2 հոգի էլ մարտական նռնակները ձեռքերին պահանջում են բաց թողնել համակիրներին, հակառակ դեպքում սպառնում են պայթեցնել նռնակները։

2 քաղաքացի բեկորային վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։

ՆԳՆ ոստիկանությունից ավելի վաղ տեղեկացրել են, որ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 24 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ օրվա ընթացքում ձերբակալվածների թիվը մոտ է 50-ին: