27/07/2024

Զինված քաղաքացի` Զառեցի Սեպոն շարունակում է սպառնալ Նոր Նորքի ոստիկանության մոտ. բանակցում է քրեական ոստիկանության պետը

Զինված քաղաքացիներից մեկը շարունակում է մնալ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքի մուտքի մոտ: Նրա հետ այս պահին բանակցություններ է վարում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը:

Տեղում են ոստիկանության բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնյաներ:

Բանակցությունները լսելի չեն, քանի որ իրավապահները քաղաքացիներին և լրատվամիջոցներին հեռու են պահում բաժանմունքի մոտից, սակայն ակնհայտ լսելի են եղելտղամարդու սպառնալիքները:

Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բրիգադներից մեկը 2 քաղաքացու բեկորային վնասվածքներով տեղափոխել է բուժհաստատություն։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Հիշեցնենք՝ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ, որտեղ հավաքվել մի խումբ քաղաքացիներ, հիմնականում «Մարտական եղբայրության» անդամներ, ովքեր պահանջում են, որպեսզի ոստիկանները ազատ արձակեն իրենց համակիրներին:

Ոստիկանության շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել, ևս 2 հոգի էլ մարտական նռնակները ձեռքերին պահանջում են բաց թողնել համակիրներին, հակառակ դեպքում սպառնում են պայթեցնել նռնակները։

ՆԳՆ ոստիկանությունից ավելի վաղ տեղեկացրել են, որ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 24 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ օրվա ընթացքում ձերբակալվածների թիվը մոտ է 50-ին: