22/11/2024

Արտակարգ դեպք՝ Կոտայքում. «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Կարապետ Թումանյանը և հայտնել, որ Ծաղկաձոր քաղաքում գործող «Կովկասի գերուհի» ռեստորանում որպես մենեջեր աշխատող Երևանի բնակիչ 32-ամյա Արման Սարգսյանը, օգտվելով իր տնօրինման և տիրապետման տակ գտնվող դրամարկղից և չհրկիզվող պահարանից, այս տարվա փետրվարի 18-ից մարտի 21-ն ընկած ժամանակահատվածում հափշտակել է խոշոր չափի գումար։

Տեղում պարզվել է, որ ահազանգ տվողը եղել է «Ռեստ Կոնցեպտ» ՍՊԸ տնօրենը, իսկ կասկածյալ Ա. Սարգսյանը դրամարկղից և չհրկիզվող պահարանից, ըստ տնօրենի հայտարարության, հափշտակել է մոտ 11 մլն դրամ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի և ոստիկանության Ծաղկաձորի բաժնի պետ Ա. Ֆիշյանի գլխավորությամբ, նույն օրը Ծաղկաձորում հայտնաբերում են կասկածյալ Ա. Սարգսյանին և նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալում ու տեղափոխում են ոստիկանության Հրազդանի բաժին։

Դեպքի փաստով Ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք կասկածյալի հետ փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով ՀՀ Քր. Օր.-ի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչի կողմից որոշում է կայացվել Ա. Սարգսյանին ձերբակալելու և ոստիկանության Հրազդանի բաժնի ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու մասին։