27/07/2024

Դիլիջանի «Mobile Centre» խանութում ԼՂ ԱԱԾ նախկին աշխատակիցը սպանել է քենուն, ապա՝ ինքնասպան եղել

Այսօր՝ ապրիլի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի 48/5 հասցում կրակոցներ են հնչել և կան տուժած քաղաքացիներ:

Ժամանել են ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ:

Դեպքի վայրը, որը բջջային «Mobile Centre» հեռախոսների և աքսեսուարների խանութն է, պարեկները սահմանազատել են:

Ոստիկանները ներսում հայտնաբերել են տղամարդու դի, կողքին էլ՝ «Մակարով» տեսակի ատրճանակ:

Մինչ տեղում աշխատում էին ոստիկանները, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Դիլիջանի բաժին, որ շտապօգնությունը գլխի մասում հրազենային վնասվածքով, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի կին:

Դեպքի փաստով մարզային քննչական վարչության պետի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, Դիլիջանի քննչական բաժնում «սպանություն» և «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը:

Կայքի փոխանցմամբ՝ մահացած կինը «Յունիբանկ»-ի աշխատակից է եղել, ով այդ պահին գտնվում էր «Mobile Centre»-ում և երբ ներսում է եղել, նրա քրոջ ամուսինը, ով Արցախի Հանրապետության քաղաքացի է և Արցախի ԱԱԾ-ի աշխատակից է եղել, մոտեցել է նրան, ու մեղադրել իր ընտանիքը քանդելու մեջ, ապա իր մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակով կրակել է նրա գլխին, որից հետո ինքնասպան է եղել»:

Կայքի տեղեկություններով՝ մահացած վիճակում հիվանդանոց տեղափոխվածը Տավուշի մարզում հաշվառված, 37-ամյա Մերի Ա.-ն է, իսկ նրան սպանած և ինքնասպան եղած տղամարդը Արցախի Հանրապետության քաղաքացի, 33-ամյա Խաչիկ Ա.-ն է: