22/10/2026

EU – Armenia

Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից․ Լուսանկար

Հոկտեմբերի 12-ին Փաշինյանը Գեւորգ Թորոսյանին նշանակել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ՝ հավանաբար, աշխարհի 200 համալսարաններում կրթություն ստացածներին ՀՀ հրավիրելու շրջանակում։ Նա ավարտել է Բեռնի համալսարանի Համաշխարհային առեւտրի ինստիտուտը:

Հրապարակ թերթը գրել է․ Տնօրեն է աշխատել Integra Government Services International ընկերությունում, ավիացիայի բարեփոխումների գծով GIZ-ի խորհրդատու է եղել։ Թվում է` վատ կենսագրություն չէ, բայց իրականում հերթական Տաթեւիկ Ռեւազյան է, որը 2018-ին Դանիայից եկավ, 4 տարի աշխատեց` Հայաստանը գցեց եվրոպական ավիացիոն սեւ ցուցակի մեջ ու հեռացավ:

Նորանշանակ Գ․ Թորոսյանը հանդես է եկել ուղերձով եւ առաջարկություններով, որտեղ ընդհանուր ֆրազներ են` ծառայությունների բարելավման, օդային կապերի ընդլայնման, ուղեւորափոխադրումների աճի մասին: Մեր տեղեկություններով, այս ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից։ Մանավանդ՝ այն պատճառով, որ այդ ցանկում նա որեւէ կերպ չի անդրադարձել Հայաստանի՝ ԵՄ ավիացիոն անվտանգության սեւ ցուցակից հանելու խնդրին, ինչն իրեն նշանակելու թիվ 1 նախապայմանն է եղել։

Իշխանական աղբյուրը փոխանցեց, որ այդ հարցն է լինելու նրա աշխատանքի գնահատման հիմնական չափանիշը: Հասկանալի չէ, թե ինչու է նա շրջանցել այդ թեման՝ երկրորդական խնդիրները կարեւորելով: Ասում են՝ եթե չկարողանա հնարավորինս սեղմ ժամկետում այս ուղղությամբ արդյունք ապահովել, կարժանանա իր նախորդների ճակատագրին։

«Հրապարակ». Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից