23/12/2024

Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար

Հայոց ցեղասպանությունը ժխտելու, կասկածի տակ դնելու, պահանջատիրությունից հրաժարվելու Օվերտոնի պատուհանը պաշտոնապես բացված է։ Բացումն անձամբ իրականացրեց Նիկոլ Փաշինյանը, ով շաբաթ օրը «ՀՀ սոցիալ-հոգեբանությունը» թեմայով դասախոսություն է կարդացել ՔՊ Ժողովրդավարության դպրոցում։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ 1 ժամ տեւած դասախոսության գլխավոր ասելիքն այն էր, թե Հայոց ցեղասպանության պահանջատիրության թեման սրել է Ռուսաստանը, ավելի ճիշտ՝ ԽՍՀՄ-ը՝ 1946-ից սկսած, երբ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները սրվեցին, եւ ստեղծվեց ՆԱՏՕ-ն։ Փաշինյանի խոսքով՝ ՌԴ-ն եղեռնից մազապուրծ գաղթականների վերադարձ կազմակերպեց, որն ավելի սրեց պահանջատիրության հարցը։

Ողջ դասախոսության ընթացքում Փաշինյանը չի օգտագործում «ցեղասպանություն» բառը, կա՛մ «Մեծ եղեռն», կա՛մ «դժբախտություն», ինչում հայերը մեղադրում էին ԱՄՆ նախագահներին, որոնք ապրիլի 24-ի ուղերձներում խուսափում էին «ցեղասպանություն» ասելուց: Դասախոսությունից 1 օր անց արդեն ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը շարունակեց Փաշինյանին՝ բացահայտ կասկածի տակ դնելով ցեղասպանության փաստը եւ կոչ անելով ճշտել ու արձանագրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները։

«Ի վերջո, պետք է ունենալ բոլոր զոհերի ցուցակը: Հանկարծ ավելի կամ պակաս է լինում` 1,5 միլիոնից, ինչպես ընդունված է համարել»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իր ասածը պարզաբանել է Քոչարյանը։ Նիկոլ Փաշինյանը թերեւս հող է նախապատրաստում՝ մի քանի օր անց ցեղասպանության տարելիցի օրն աշխարհացունց ուղերձ հրապարակելու համար, որով, հավանաբար, կուրանա հայոց պատմության այս մի էջը նույնպես՝ փորձելով բավարարել թշնամու հերթական պահանջը։