20/05/2024

#176 Փաստաչափ․ Freedom House-ը քխ է՝ ըստ ՔՊ պատգամավորի. իշխանության փոփոխական կարծիքը դրա մասին

Ինչպես է ՔՊ-ն մեկ հպարտանում #FreedomHouse-ի ցուցանիշներով, մեկ էլ ասում, թե բան չկա՝ Freedom House-ը չի որոշելու Հայաստանի ժողովրդավարությունը:

Երեկ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, պատասխանելով Freedom House-ի վերջին զեկույցին վերաբերող հարցին, նշել է, որ Freedom House-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավա՞ր է, թե՞ ոչ։

Ապա, շարունակելով խոսքը, նշել է. «Կրկնում եմ՝ ՀՀ-ն համաշխարհային երկրների շարքում ամենաժողովրդավար երկրներից մեկն է։ Այդպես շարունակելու է մնալ, այդպես է լինելու այսուհետ միշտ»:

Այնինչ, ըստ Freedom House իրավապաշտպան միջազգային կազմակերպության, «Հայաստանում 2023-ին Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2.50 ից հասնելով 2.25-ի՝ կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու՝ արդեն մի քանի տարի շարունակվող միտումների և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով»։

Այս տարի ժողովրդավարության ցուցանիշը Հայաստանում 7 հնարավոր միավորից 3.07 է։ Անցյալ տարի, օրինակ, այն կազմել էր 3.11 միավոր։

Այսպիսով, ըստ իրավապաշտպան կառույցի, Հայաստանը շարունակում է մնալ անցումային կամ հիբրիդային ռեժիմ, ինչը հակասում է Հովհաննիսյանի այն պդնմանը, թե ՀՀ-ն «համաշխարհային երկրների շարքում ամենաժողովրդավար երկրներից մեկն է»։

Հովհաննիսյանի արձագանքը Freedom House-ի՝ նախորդ տարիների զեկույցներին

2020 թվականնին՝ 19-ի համեմատ, ևս տեղի էր ունեցել ժողովրդավարության ցուցանիշի անկում՝ 3.00 միավորից իջնելով 2.96. Այն ժամանակ ժողովրդավարության ցուցանիշի անկումը կառույցը պայմանավորել էր 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի հանգամանքով։ Այդ ժամանակ, ժողովրդավարության հետընթացի մասին հարցերին ի պատասխան, Արթուր Հովհաննիսյանը ավելի մեղմ էր արտահայտվել՝ ընդունելով փաստերն ի գիտություն, նշել էր․

«Քննադատություններն ու դժգոհությունները բնական եմ համարում, բնական եմ համարում նաև Freedom House-ի և նրա առաքելությունն իրականացնող այլ կազմակերպությունների կամ անհատների մտահոգությունները, բայց մյուս կողմից՝ կարծում եմ, որ միջազգային կառույցները ներհայաստանյան իրավիճակների մասին գնահատականներ հնչեցնելիս պետք է առաջին հերթին առաջնորդվեն ներհայաստանյան հասարակական և քաղաքական կյանքի նրբություններով ու ըստ այդմ հնչեցնեն իրենց գնահատականները, ոչ թե համեմատականի մեջ դնեն այլ երկրների հետ ու այդ հիմքով գնահատականներ հնչեցնեն»։

Իսկ դեռ 2019 թվականին Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմամբ, որտեղ նշվում էր, որ ըստ Freedom House-ի համացանցի ազատության մասին տարեկան զեկույցի՝ ՀՀ-ն ամենաազատ երկրների շարքում 8-րդ հորիզոնականում է։ Ըստ այդ զեկույցի՝ Հայաստանը այն 3 երկրներից մեկն էր, որ 2019-ին գրանցել էին ամենամեծ առաջընթացը:

Գրառմանը կից Հովհաննիսյանը գրել էր․ «Այո, Հայաստանում համացանցը ազատ է, քան երբևէ, և այդպես է լինելու միշտ»։

Այսինքն, երբ կառույցի հրապարակած ցուցանիշները փաստում են առաջընթացի մասին, ապա Freedom House-ը կարող է որոշել Հայաստանում ժողովրդավարության և թափանցիկության մակարդակը, իսկ երբ այն քննադատում է գործող իշխանությունների գործելաոճը, այն այլևս չի որոշում Հայաստանում ժողովրդավարության մակարդակը։

Արփինե Հովհաննիսյան