27/07/2024

Բաքուն ինքնուրույն կապահովի Ղարաբաղում անվտանգությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Բաքուն ունի իր սեփական ուժերը Ղարաբաղում անվտանգությունն ապահովելու համար:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբետովը։

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առկայությանը, ապա այս պահին դա Ադրբեջանի Հանրապետության տարածքն է, որն ունի իր ուժերը՝ ապահովելու անվտանգությունը, և ակնհայտ է, որ այդ հարցը միակողմանիորեն չի լուծվում, տարածաշրջանը մեծապես կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներից»,- նշել է նա՝ մեկնաբանելով ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերումը Ղարաբաղից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սկսվել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր լուրը:

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է։

Ռուսական խաղաղապահ զորախումբը ժամանակավորապես տեղակայվել էր Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության արդյունքներով։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2024 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին մասնակցելու կամ չմասնակցելու մասին որոշումը կարտացոլի այդ երկրի ինքնիշխան ընտրությունը։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2024 թվականի ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան և անկախ երկրի որոշումն է: Բացի այդ, մինչև գագաթաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսներին շատ բան կարող է փոխվել, հուսով եմ՝ դեպի լավը»,- նշել է գլխավոր քարտուղարը:

Հայաստանի գործունեությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) շարունակվում է, օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով:

«ՀԱՊԿ-ի և Հայաստանի՝ որպես մեր կազմակերպության անդամ երկրի հարաբերությունները լավագույն ժամանակաշրջանը չեն անցնում, սակայն Հայաստանի գործունեությունը ՀԱՊԿ-ում շարունակվում է, բոլոր հարցերը, որոնք օրակարգային են, լուծվում են աշխատանքային կարգով»,- հայտարարել է գլխավոր քարտուղարը: