Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ֆիզիկական ներգործություն և խուլիգանություն կատարելու համար։
Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ «2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գործող ակումբում կռիվ է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով, որի շրջանակներում ձեռնարկված վարութային, քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքներ:
Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել, որ 2024թ. ապրիլի 20-ին՝ ժամը 01:00-ից մինչև 02:00-ն ընկած ժամանակահատվածում, նշված ակումբում, դրանից հետո՝ նաև ակումբին հարակից և բնակելի շենքերի տարածքում, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ն իր մի խումբ համախոհների հետ, անձնական հարցերի շուրջ, վիճաբանել է այլ անձանց հետ և ինքնահաստատման և հասարակության հանդեպ երևակայական գերազանցությունն արտահայտելու հանդուգն ձգտումով, տևական ժամանակ աղմկել, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, հայհոյանքներ են հնչեցրել վերջիններիս հասցեին՝ չենթարկվելով հասարակական կարգի խախտումը խափանել փորձող ինչպես նշված ակումբի անվտանգության աշխատակիցների, այնպես էլ՝ այլ անձանց հորդորներին:
Իրենց այդ հակաիրավական և հակաբարոյական գործողություններով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հիշյալ անձը և քննությամբ ինքնությունները չպարզված անձինք խոչընդոտել են ակումբի բնականոն աշխատանքը, տարածքում գտնվող անձանց մոտ վախի ու անհանգստության մթնոլորտ առաջացրել՝ խախտելով վերջիններիս անդորրը:
Դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունների զննությամբ և ձեռք բերված այլ տվյալներով պարզվել է նաև, որ նշված գործողությունների ընթացքում Ա․Ղ․-ն նաև իր հետ վիճաբանող անձի նկատմամբ կատարել է ֆիզիկական ներգործություն՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրան։
Նկատի ունենալով քննությամբ ձեռք բերված այս նոր հանգամանքները՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ, որը, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին:
2024 թվականի ապրիլի 23-ին Ոստիկանության ծառայողների կողմից վերոհիշյալ անձը ձերբակալվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 195-րդ հոդվածի 1-ին մասով:
Վարույթն իրականացնող մարմինը վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան, սակայն դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել տնային կալանքը:
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով /քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելը/ նախաձեռնված քրեական վարույթը, նույն անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, սույն թվականի մարտի 26-ին ուղարկվել էր դատարան, ներկա պահին գտնվում է դատաքննության փուլում, որով նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել գրավը։
Ակումբում տեղի ունեցած խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ մասնակից մյուս անձանց շրջանակը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բաց մի թողեք
Ովքեր են Կոտայքում վերջերս uպանված ամուսինները․ նոր մանրամասներ. Լուսանկար
Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվեց. Զոհրաբյան․ Լուսանկար
Կալանքի են ներկայացրել նաև Արագածոտնի թեմի դիվանապետին ու հաշվապահին․ Մանրամասներ