22/12/2024

ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը իր դեմ հայտարարությունները գնահատեց զրպարտանք, Բագրատ Սրբազանը ներողություն խնդրեց

Բագրատ արք․ Գալստանյանը Երևանի պետական համալսարանի տարածքում ներողություն խնդրեց ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասիրյանի վերաբերյալ իր կողմից հնչեցված հայտարարությունների համար։

Վերջինս ասաց, թե բուհ է եկել այդ հայտարարության իսկությունը ճշտելու համար, պրոռեկտորն ասում է՝ նման բան տեղի չի ունեցել, զրպարտություն են արել․ «Եթե որևէ նշույլ զգացվել է իմ խոսքի մեջ, որը ազդել կամ վիրավորել է, ես ներողություն եմ խնդրում»։

Հիշեցնենք՝ Գալստանյանը երեկ հայտարարել էր, թե պրոռեկտորը ժողով է հրավիրել բուհի դեկանների հետ ու հանձնարարել նրանց անպայման նշել բոլոր ուսանողների բացակաները, ովքեր շատ բացականեր ունեն, նկատողություն հայտարարել:

Էլինա Ասիրյանը ԵՊՀ բակում վերջինիս խոսքերը զրպարտանք համարեց․ «Շատ վիրավորված ենք։ Այն, ինչ ասվել է երեկ, զարմացած եմ, որ Դուք եք ասել, որովհետև մի քիչ այլ պատկերացում ունեի այն ամենի մասին, ինչ կարելի է ասել ու ով կարող է ասել։ Շնորհակալ եմ, որ ընդունում եք, որ Դուք կարող եք սխալվել։ Հայտարարում եմ՝ երեկ որևէ հանդիպում որևէ դեկանի հետ տեղի չի ունեցել, այստեղ կան դեկաններ, որոնք կարող են հաստատել, հետևապես որևէ նման հայտարարություն չի կարող լինել։ ԵՊՀ-ն ուսանողակենտրոն կառույց է»։

Միարժամանակ Ասրյանը հիշեցրեց՝ ուսանողակենտրոնությունը նշանակում է նաև, որ ուսանողները պետք է իրացնեն իրենց իրավունքները լսարանում, և ցանկացած ուսանող, որը եկել է դասի, իրավունք ունի ստանալ գիտելիք։ Անընդունելի է որևէ ուսանողի լսարանից հանելը։