08/09/2024

Թալանել են դպրոցներից մեկի զինղեկի բնակարանը․ հափշտակել են ոսկեղեն և գումար

Բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 12։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Հրանտ Հ․-ն և հայտնել, որ իր բնակարանի դուռը բացելու միջոցով գողացել են ոսկեղեն:

ՀՀ ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 08։10-ից մինչև ժամը 12։45-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, հարմարեցված բանալիով բացելով Հրանտ Հ․-ի բնակարանի մուտքի դուռը, մուտք է գործել բնակարան, խառնել տան իրերը և հյուրասենյակի պահարանի մեջ դրված դրամապանակի միջից գողացել է գումար, իսկ նույն պահարանի մեջ դրված երկու պահոցների միջից գողացել է թղթադրամներ և մետաղադրամներ:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ գողություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Հրանտ Հ․-ն աշխատում է Բերքաշատ գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ։