22/12/2024

Վերագտնել իմպրեսիոնիստ կոմպոզիտորների ամենահայտնի ստեղծագործությունները՝ երաժշտության միջոցով. Լուսանկար

Մայիսի 16-ին, ժամը 19:30 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա Լուսնի լույսը․ Իմպրեսիոնիզմի գլուխգործոցների պատմություն խորագրով համերգը։ Մենակատարներ՝ Աննա Ցագարելլի (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ)։

Աննա Ցագարելլի նոր հեղինակային ծրագրում հանդիսատեսը կարող է վերագտնել իմպրեսիոնիստ կոմպոզիտորների ամենահայտնի ստեղծագործությունները, ինչպես նաև լսել առասպելներ, հեքիաթներ, բանաստեղծություններ ու բազմաթիվ հետաքրքիր պատմություններ երաժշտության մասին։

Հեղինակը գրում է․ «Իմպրեսիոնիզմի գլուխգործոցների մասին համերգային նախագիծն իմ ամենասիրելի ծրագրերից է։ Այստեղ համատեղվում են գեղեցկագույն երաժշտությունը, կերպարվեստը, պոեզիան և անչափ գրավիչ արվեստային պատմությունները: Ես կպատմեմ առասպելական կերպարների, արքայադուստրերի և գնչուների մասին, կկարդամ պոեզիա, ցույց կտամ նկարազարդումներ և տեսանյութեր․․. Իմպրեսիոնիստների կերպարային աշխարհն աներևակայելի գեղեցիկ է և բանաստեղծական։ Եթե ուզում եք երկու ժամով մոռանալ առօրյան, կտրվել հոգսերից ու ոգեշնչվել գեղեցիկով՝ ապա այս ծրագիրն այն է, ինչ ձեզ հարկավոր է»

Աննա Ցագարելլին դաշնակահարուհի է։ Ավարտելով Մոսկվայի կոնսերվատորիան և ասպիրանտուրան արժանացել է մի շարք միջազգային մրցույթների դափնեկրի կոչման, մասնակցել բազմաթիվ երաժշտական փառատոների։ Մոսկվայի Մեծ թատրոնի կամերային երաժշտության համերգաշարի հրավիրված արտիստ է, դասական երաժշտության «Երաժշտական պատվաստում» նախագծի ղեկավար, դաշնամուրի դասավանդման սեփական մեթոդիկայի հեղինակ։

Նախագծի հատուկ հյուրն է Կարեն Շահգալդյանը։ Երաժիշտը համերգներով հանդես է եկել աշխարհի լավագույն դահլիճներում. Նյու Յորքի Կարնեգի Հոլ, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճ, Վիեննայի Մուզիկֆերայն․․․ Կարենը Շահգալդյանը համերգներով այցելել է շուրջ 30 երկրների 200-ից ավելի քաղաքներ՝ հանդիսատեսին մշտապես գերելով իր կատարողական վարպետությամբ։