14/07/2024

Ի՞նչ իմաստ ունի Պուտինի հայտարարությունը՝ իրավիճակը միտումնավոր է սրում

Եթե ինչ-որ մեկը հնարավոր է համարում նման զենք մատակարարելը ռազմական գործողությունների գոտի՝ մեր տարածքին հարվածելու և մեզ համար խնդիրներ ստեղծելու համար, ապա ինչու մենք իրավունք չունենք մատակարարել մեր նույն դասի զենքերն աշխարհի այն շրջանները, որտեղից հարվածներ են իրականացվելու այն երկրների զգայուն թիրախներին, որոնք դա անում են Ռուսաստանի դեմ»,- ասել է Պուտինը,- Պետերբուրգի տնտեսական համաժողովում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նորմանդիայում դաշնակից զորքերի դեսանտ իջեցնելու 80-ամյակի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Բայդենը պատասխանել է այդ սպառնալիքին եւ ասել, որ թող Պուտինը չսխալվի, ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն եւ Ուկրաինային աջակող 50 երկրները «ծնկի չեն գա, տեղի չեն տա, բռնակալը կպարտվի»: Բայդենի գնահատմամբ՝ Ուկրաինայի պարտությունը կլինի Եվրոպայի պարտությունը, եւ Միացյալ Նահագները «տեսնում է, թե դրան ինչպես են սպասում ավտորիտար ռեժիմները»:

Ռուսաստանի նախագահն, անկասկած, իրավիճակը միտումնավոր է սրել՝ սպառնալով, որ հեռահար զինատեսակներ կմատակարարի այլ երկրների, որ կարող են զգայուն հարվածներ հասցնել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի զինող երկրներին: Ուկրաինայի սպառազինությունների մատակարարները հայտնի են՝ Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, եվրոպական մի շարք երկրներ, որ ՆԱՏՕ-ի անդամ են: Եւ բացառված է, որ նրանցից մեկն Ռուսաստանից «Կինժալ» հրթիռներ ստանա՝ մյուսի զգայուն կետերին հարվածելու համար:

Ժամանակներն այն չեն, եւ նույնիսկ «Ազատության կղզի» Կուբան ռուսաստանյան հրթիռներ չի ընդունի, որպեսզի Միացյալ Նահանգների դեմ: Վլադիմիր Պուտինի այդ հայտարարությունը շատ որոշակի իմաստով նույնիսկ նահանջ է. մի քանի ամիս առաջ ՌԴ արտգործնախար Լավրովն սպառնում էր, որ պրեվենտիվ հարվածներ կհասցվեն Ուկրաինա սպառազինություններ մատակարարող երկրների ենթակառուցվածքներին, դրանք Ռուսաստանի համար համարում էր «լեգիտիմ թիրախներ»:

Այն, ինչ հնարավոր էր՝ Ռուսաստանն արել է. Բելառուսում տակտիկական միջուկային սպառազինություն է տեղակայել, բայց, երեւում է, ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն հաշվարկել են, որ Պուտինը «միջուկային կոճակը չի սեղմի»: Դա արդեն խելահեղություն կլինի: Ռուսաստանի նախագահն, անշուշտ, քաջ գիտի, որ աշխարհի ոչ մի երկիր հանուն Ուկրաինայում Մոսկվայի հաղթանակի չի վերածվի ՆԱՏՕ-ի թիրախի, նույնիսկ չի ցանկանա հարաբերություններ բարդացնել Միացյալ Նահանգների, Հյուսիս-ատլանտյան դաշինքի հետ:

Կան, իհարկե, երկրներ, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում առարկություններ են դրսեւորում կամ ՆԱՏՕ-ին մեղադրում ուկրաինական պատերազմը «սանձազերծելու» մեջ: բայց անգամ երեւակայությունից դուրս է, որ, ասենք, Հունգարիան կհամաձայնի ռուսաստանյան հրթիռներ ընդունել, որպեսզի սպառնա Ուկրաինային տանկեր մատակարարող Գերմանիային:

Ի՞նչ իմաստ ունի Պուտինի հայտարարությունը: Նա փորձում է Եվրոպային միջուկային հարվածի սպառնալիքով հասնել Ուկրաինային սպառազինությունների մատակարարման դադարեցմա՞ն: Մեզ հետ, մեր դիրքորոշման հետ պետք է բոլորը հաշվի նստեն,- նրա հայտարարությունը մեկնաբանել է Կրեմլի խոսնակ Պեսկովը: Բայց ո՞րն է այդ տեսակետը, դիրքորոշումը: Ուկրաինայում տարածքային ձեռքբերումների լեգիտիմացու՞մը, թե այն, որ Ուկրաինա պետություն ,,գոյություն չունի՞,,: Մոսկվան առաջնորդվում է «պնդիր առավելագույնը, որպեսզի հնարավորը ստանաս» սկզբունքո՞վ, թե՞ իրոք վերջնական վա-բանկ է գնում: