Նախկին վարչապետը կորցրել է երեք տոկոսային կետ՝ համեմատած անցյալ ամիս «Cluster 17»-ի անցկացրած հարցման տվյալների հետ։
ՓԱՐԻԶ — Ֆրանսիայի նախագահական ընտրարշավում նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպը դիրքերը զիջում է ծայրահեղ ձախ թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնին. այս մասին են վկայում անցկացված բացառիկ հարցման արդյունքները։
«Cluster 17»-ի կողմից հոկտեմբերի 19-ից 22-ն անցկացված հարցումը ցույց է տվել, որ Ֆիլիպն ունի 18,5% աջակցություն ստացած Մելանշոնից ավելի քիչ՝ 16%։ Անցյալ ամիս նույն կազմակերպության անցկացրած հարցման համաձայն՝ երկու թեկնածուներն էլ ունեին հավասար՝ 19-ական տոկոս աջակցություն։
Երկու գործիչներն էլ զգալիորեն հետ են մնում ծայրահեղ աջերի առաջատար Մարին Լը Պենից, ով կիրակի օրը անցկացրեց նախագահական քարոզարշավի իր առաջին հանրահավաքը։ Կարծես թե Լը Պենի թեկնածության վրա էական ազդեցություն չեն ունեցել այն մեղադրանքները, թե նրա հովանավորյալ Ժորդան Բարդելլան դեռահաս տարիքում մասնավոր զրույցներում հակասեմական արտահայտություններ է թույլ տվել։ Բարդելլան, ով անցած հանգստյան օրերին կայացած համագումարում վերընտրվեց «Ազգային միավորում» (National Rally) կուսակցության նախագահ, բազմիցս հերքել է այդ մեղադրանքները։
Ֆիլիպի հիմնական գաղափարական մրցակիցը՝ նախկին վարչապետ Գաբրիել Ատալը, հարցման արդյունքներով նրանից շատ չի տարբերվում։ Երբ կենտրոնամետների հիմնական թեկնածուի դերում Ֆիլիպի փոխարեն դիտարկվում է Ատալը, վերջինս ստանում է ձայների ընդամենը 12%-ը։
Ռաֆայել Գլյուքսմանը, ով վերջերս համոզիչ հաղթանակ տարավ կենտրոնաձախ ուժերի ներկուսակցական ընտրություններում (փրայմերիզում), «Cluster 17»-ի հարցման համաձայն՝ 13% ցուցանիշով ամուր պահպանում է չորրորդ տեղը։ Հարցման տվյալներով՝ Գլյուքսմանը կարող է ստանալ 2022 թվականին նախագահ Էմանուել Մակրոնին աջակցած ընտրողների 29%-ի ձայները, մինչդեռ այդ նույն ընտրողների 49%-ը սատարում է Ֆիլիպին։ Նշենք, որ Մակրոնը չի կարող առաջադրվել երրորդ անընդմեջ ժամկետի համար։
Պահպանողականների առաջնորդ Բրունո Ռետայոն դեռևս չի կարողանում հաղթահարել 10%-ի շեմը։ Թեև հարցման արդյունքներում նրա դիրքերը կայուն են մնացել, նա նոր մտահոգության առիթ ունի. աճում է Կաննի աջակողմյան քաղաքապետ Դավիդ Լիսնարի ժողովրդականությունը։
Եթե ընտրապայքարում հայտնվի նաև Լիսնարը, նա ոչ միայն կգերազանցի Ռետայոյին, այլև կնվազեցնի Մարին Լը Պենին ուղղված աջակցությունը։
Անցյալ շաբաթ հրապարակված հարցումը ցույց է տալիս, որ հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում բռնկված անկարգություններից հետո ընտրապայքարի դինամիկայում էական փոփոխություններ չեն արձանագրվել։ Շաբաթ օրը հարյուր հազարավոր ցուցարարներ կրկին դուրս են եկել փողոց։


Բաց մի թողեք
Պատերա՞զմ։ Մի՞թե եվրոպարտատոմսերը միակ լուծումն են
Մարին Լը Պենը ներկայանում է որպես Ֆրանսիայի պաշտպան՝ երկրում տիրող խնդիրների ֆոնին
Եվրամիության համար ամենամեծ սպառնալիքը, որը հասունանում է հենց Միության ներսում