Ուկրաինական պատերազմի հարցում կարելի է չեզոքություն պահպանել, հիշել Կիևի և Բաքվի վաղեմի ռազմավարական համագործակցությունը, Արևմուտքի անհետևողականությունը Ղարաբաղյան հարցում, անգամ չհամակրել Զելենսկուն։ Սակայն այդ ամենը չի կարող արդարացնել մի դիրքորոշում, որի քաղաքական հետևանքները վաղը կարող են սպառնալ հենց Հայաստանի անվտանգությանը։
Հոկտեմբերի 22-ին Վլադիմիր Պուտինը կրկին հայտարարեց, որ Ուկրաինայի գրավյալ տարածքները «պատմական Ռուսաստանի» մաս են։ Նա նույնիսկ գենետիկական հետազոտություններ վկայակոչեց՝ ռուսներին և ուկրաինացիներին մեկ ժողովուրդ հռչակելու համար։ Այս հայտարարությունը վտանգավոր նախադեպ է ստեղծում, որի հետևանքները կարող են զգացվել Ուկրաինայի սահմաններից շատ հեռու։
Պուտինը միջազգային քաղաքականություն է վերադարձնում ուժի իրավունքը՝ պատմական պատկանելության անվան տակ հարևան պետությունների տարածքների նկատմամբ հավակնություններն արդարացնելու վտանգավոր սկզբունքը։ Հայ ժողովուրդը սեփական պատմությունից լավ գիտի դրա հետևանքները։ Այս տրամաբանությամբ սահմանները կորցնում են իրենց անձեռնմխելիությունը, պետությունները՝ ինքնիշխանության երաշխիքները, իսկ պատմությունը դառնում է տարածքային զավթումներն արդարացնելու պատրվակ։
Հայաստանի համար վտանգն ակնհայտ է. եթե Մոսկվան կարող է Դոնբասը հռչակել պատմական ռուսական հող և դրանով արդարացնել տարածքային նվաճումը, ի՞նչը կխանգարի Բաքվին նույն տրամաբանությամբ հավակնել Սյունիքին, Սևանին կամ Երևանին։ Առավել ևս, երբ նման պահանջներն արդեն վաղուց տեղ են գտել ադրբեջանական պաշտոնական խոսույթում։
Պուտինը կարող է անգամ չմտածել իր հայտարարությունների կովկասյան հետևանքների մասին։ Սակայն ստեղծված նախադեպը գործում է անկախ նրա մտադրություններից։ Մոսկվայի՝ պատմական իրավունքով տարածքային նվաճումներն արդարացնելու փորձը Բաքվին լրացուցիչ հիմք է տալիս սեփական հավակնությունները նույն տրամաբանությամբ առաջ մղելու և միջազգային ճանաչում ստանալու համար։
Ուշագրավ է նաև վերջին ամիսներին Բաքվի ակտիվությունը Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության շուրջ։ Ադրբեջանական պատմագրական քաղաքականությունը հայկական հուշարձանների աղվանականացման փորձերից հասել է նաև վրացական ժառանգության շուրջ բացահայտ առճակատման։ Սեպտեմբերին Վրաստանի պատրիարքարանի մտահոգությունը Քուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցում իրականացվող աշխատանքների վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարությունն անգամ որակեց որպես տարածքային հավակնությունների դրսևորում։
Այստեղ պատմական ժառանգության շուրջ վեճն արդեն ձեռք է բերում քաղաքական նշանակություն։ Եկեղեցու ծագումը վերագրելով մեկ այլ քաղաքակրթության՝ հնարավոր է աստիճանաբար վիճարկել տվյալ տարածքի պատմական պատկանելությունը։ Այսպես մշակութային ժառանգության յուրացումը աստիճանաբար հող է նախապատրաստում տարածքային հավակնությունների համար։
Եվրոպան այս քաղաքականության աղետալի հետևանքներն արդեն տեսել է։ Հիտլերն էլ տարածքային նվաճումներն արդարացնում էր պատմական իրավունքով և ազգային միասնության վերականգնմամբ։ 1938-ին Մյունխենում եվրոպական տերությունները, պատերազմը կանխելու հույսով, համաձայնեցին Չեխոսլովակիայի տարածքի մի մասը հանձնել Գերմանիային։ Ընդամենը մեկ տարի անց սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Պատմության դասը պարզ է. ուժով սահմանները փոխելու իրավունքի ճանաչումը նոր նվաճումների ճանապարհ է հարթում։
Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման համար կենսական նշանակություն ունեն սահմանների անձեռնմխելիությունը, խաղաղության համաձայնագրերի հուսալիությունը և տարածաշրջանային հաղորդակցությունների հաստատումը։ Եթե աշխարհը հաշտվի ուժով տարածքներ նվաճելու իրավունքի հետ, Հարավային Կովկասում ցանկացած խաղաղություն կդառնա խոցելի։ Դժվար է երկարաժամկետ ներդրումներ ներգրավել, տարանցիկ ուղիներ ու էներգետիկ ենթակառուցվածքներ զարգացնել մի տարածաշրջանում, որի սահմանները վաղը կարող են վերագծվել որևէ առաջնորդի պատմական հավակնություններով։
Ուկրաինայում Պուտինի հաղթանակը Բաքվին կտա նաև լրացուցիչ քաղաքական փաստարկ։ Աշխարհը կհաշտվի մի իրողության հետ, որի համաձայն ռազմական գերազանցությունը կարող է փոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Հայաստանի համար այդպիսի աշխարհակարգը առանձնահատուկ վտանգավոր է։
Հայ քաղաքական գործիչը, մտավորականը, արվեստագետը, լրագրողը և հոգևորականը կարող են քննադատել Կիևին, վիճարկել արևմտյան քաղաքականությունը, պահանջել պատերազմի դադարեցում և բանակցային կարգավորում։ Սակայն Պուտինի տարածքային նվաճումների հաղթանակը ողջունելը Հայաստանի պետական շահերի տեսանկյունից քաղաքական անհեռատեսություն է։
Մենք բավականաչափ թանկ ենք վճարել ուրիշների պատմական առասպելների համար։ Պետք չէ օգնել, որ դրանցից հերթականը միջազգային քաղաքականության կանոն դառնա։ Այսօր Դոնբասը «պատմական Ռուսաստանին» վերադարձնող տրամաբանությունը վաղը կարող է Սյունիքը հանձնել «պատմական Ադրբեջանի» դատին։ Հայաստանի շահը պահանջում է կանխել այդ նախադեպի հաղթանակը։


Բաց մի թողեք
Պարտքի սպասարկման աճող ծախսերը և խարդախությունները ԵՄ բյուջեն վերածում են «ճնշման կաթսայի»
Արտահոսած էլեկտրոնային նամակները ցույց են տալիս AfD-ի համանախագահի կտրուկ շրջադարձը «պայթուցիկ» ազգայնական գործընկերոջ նկատմամբ
Եվրոպայի արբանյակային միաձուլումը փորձարկում է տիեզերական անկախության խթանը