25/07/2024

Հերթական էժան մի բան, տգեղ տրյուկ. Փաշինյանին թուրքերենով ուղղված ծննդյան շնորհավորանքի հետքերով. Լուսանկար

Օրերս համացանցում հայտնվեց ԱՄՆ-ում արված մի տեսագրություն, որում երևում է, թե ինչպես հունիսի 1-ին՝ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը, նրան ինչ-որ սուբյեկտ թուրքերենով շնորհավորանք է հղել, որը հրապարակվել է գովազդային ցուցանակներից մեկով։

Լուր տարածվեց, թե այս «օրիգինալ» շնորհավորանքի հեղինակը ՀՅԴ-ն է։ Ս.Դ. Հնչակյան Կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին հարցրինք՝ արդյոք Ձեզ հայտնի՞ է որևէ բան շնորհավորանքի հեղինակի վերաբերյալ, և ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերվում նման ակցիային՝ ՀՀ ղեկավարին շնորհավորել այն երկրի լեզվով, որի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ, և որը իրականացրել է Հայոց ցեղասպանություն։

Ի պատասխան՝ վերջինս նկատեց. «Իրականության մեջ մեզ ոչ մի բան հայտնի չէ, որովհետև դա այդքան էլ բարդ բան չի՝ անելու համար։ Երկրորդ՝ դա կարելի է որակել հերթական էժան մի բան, տգեղ տրյուկ, որին նույնիսկ չարժե անդրադառնալ։ Սա ցույց է տալիս, որ այնտեղ՝ դրսում է նաև, որ մենք ձախողվում ենք, միջազգային հրապարակում, քանի որ Ադրբեջանին, որը տոտալիտար երկիր է, հաջողվում է ունենալ միակամ «մեսիջինգ»՝ պատգամ, իսկ մենք, լինելով ժողովրդավարական երկիր, տրոհված ենք։ Գոնե արտաքին աշխարհում մեզ պատգամների միաձուլում է պետք, ոչ թե այսպիսի տգեղ իրավիճակներ, տեսարաններ։ Մենք հաճախ ենք ականատես լինում, որ մեր դեսպանների նկատմամբ տգեղ վերաբերմունք են ցուցաբերում, արգելում են նրանց մուտքը որոշ միջոցառումների։ Այս ամեն ինչը արտացոլվում է համայնքներում և նաև այդ երկրների մարդկանց մտքերում, որտեղ նրանք անում են դա։

Իսկ Ադրբեջանը կարողանում է շատ հստակ կերպով ներկայացնել իր պատգամները, երբեմն նաև սուտ նարատիվները, որոնք պարբերաբար նրանք մեջտեղ են բերում։ Օրինակ՝ այս օրերին, երբ այդ երկրի կողմից հրապարակ է նետվել Խոջալուի ցեղասպանության հետ կապված կեղծ խոսույթը։ Իսկ մենք, ահա, դրսում զբաղված ենք այսպիսի տգեղ ակցիաներ անելով, միջազգային մամուլում էլ երբեմն հայտնվում են հրապարակումներ ՀՀ-ում տեղի ունեցող շարժման վերաբերյալ։ Նույնիսկ ցեղասպանության «Լեմկինի» ինստիտուտին ստիպեցին ցեղասպանության հարցերի վերաբերյալ խոսելու փոխարեն ՀՀ ներքաղաքական կյանքի մասին հայտարարություն անել։ Տարակուսելի է, թե ինչպես նրանք որոշեցին անել իրենց առաքելությանը չառնչվող հայտարարություններ, ինչը չափազանց վնասում է այդ կառույցի հեղինակությանը՝ «բրենդին», քանի որ եթե դու միայն ցեղասպանության հարցով զբաղվող մարմին ես, ապա պետք է միայն դրանով զբաղվես, այլ ոչ թե այլ երկրի ներքին խնդիրների վերլուծմամբ կամ քննությամբ։ …Եթե մենք այս ամենին նայենք դրսի մարդու աչքերով, ապա ինչպիսի՞ տպավորություն ենք թողնում, հանրային ինչպիսի՞ կարծիք ենք ձևավորում։ Եթե դու մրցում ես ադրբեջանական քարոզչամեքենայի հետ, այսպես չէ, որ պետք է մրցես»։

Հ. Մ.