26/06/2024

Ընդդիմությունն ԱԺ օրակարգ է բերել ոչ թե իմպիչմենտի, այլ հրաժարականի ուղերձի նախագիծ

Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր միջնորդություն ներկայացրեցին Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։

«Ազատության» փոխանցմամբ՝ միջնորդության մեջ մասնավորապես նշվում է, որ «Հայաստանի ինքնիշխանությունն անմիջական սպառնալիքի տակ է։ Գործող կառավարությունը ձախողել է Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը» «պահի հրամայական է, որ պետության կառավարումը, քաղաքական համաձայնությամբ, խաղաղ և անցնցում կերպով ստանձնեն պրոֆեսիոնալ, հանրային հեղինակություն ունեցող փորձառու անձինք»։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել է, որ եթե իշխող մեծամասնությունն այս ուղերձն ընդունի, ապա Կառավարությունը կարող է հրաժարական տալ ու հետո ընտրել նոր վարչապետ ու ձևավորել նոր կառավարություն։

Նրա խոսքով՝ սա կապ չունի, այսպես կոչված, իմպիչմենտի հետ։

Եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժի ընդդիմադիր խմբակցությունների միջնորդությունը, ապա Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ 5-րդ աշխատանքային օրը, այսինքն՝ հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին, օրենքի ուժով կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Այսօր ավելի վաղ Մինասյանն «Ազատության»-ը փոխանցել է՝ ընդդիմությունը ցանկանում է, որ նիստը տեղի ունենա մինչև հունիսի 17-ը, և արտահերթ նիստ նախաձեռնելու համար անհրաժեշտ 27 ստորագրությունների փոխարեն արդեն ունի 32-ը, և այժմ պետք է, որ Ազգային ժողովի խորհուրդն այսօր գումարվելիք խորհրդի նիստում ընդունի իրենց առաջարկը։

Ազգային ժողովի խորհրդի մեծամասնությունն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից են, 15 անդամներից միայն 2 են ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարները։ Եվ դժվար է ասել՝ արդյոք իշխանական պատգամավորները կհամաձայնե՞ն կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ հրավիրել։

Երեկ Վազգեն Գալստանյանը դիմել էր Ազգային ժողովի խմբակցություններին, որպեսզի ընդդիմադիրները հունիսի 11-ին՝ ժամը 16:30-ին, նախաձեռնեն նիստ՝ Կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման օրակարգով:

«Հունիսի 10-ին ԱԺ խորհուրդը պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին։ Պատգամավորները պարտավոր են գործել ժողովրդի կամքով: Մեր ներկայությամբ մենք նրանց թույլ չենք տալու հերթական հակապետական սխալը գործել»,- ասել էր Գալստանյանը:

«Կարո՞ղ եք մեկ պատճառ ասել, թե ինչու չպետք է մերժենք, իրենք տարին մեկ պետք է մարդ փոխեն, գան նորից նույն բանը ասեն»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ ԱԺ խորհուրդը կմերժի ընդդիմադիր խմբակցությունների՝ արտահերթ նիստ անցկացնելու պահանջը:

Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմությունը իրենց կարող է բոլոր մահացու մեղքերի համար մեղադրել, բայց ոչ մի բան չի փոխվում․ «Դերակատարներին հանում են՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ասում են՝ դուք մի եկեք, մի երևացեք։ Իրենց իշխանությունն է Արցախի հարցը փակել, երբ գնացին ուրախությամբ նշեցին, որ Արայիկ Հարությունյանը հեռացել է և մաղթում էին նույնը Հայաստանին։ Երեք օրվա ընթացքում գնացին այնպես արեցին, որ Արցախի Հանրապետության գոյությունը վերանա»։

Վերջինս նկատեց՝ ընդդիմությունը հանրահավաքների ժամանակ Լեռնային Ղարաբաղի դրոշը չի պահում։

«Ասում են՝ Կառավարության ծրագիրը տապալել եք, դե թող գան մեզ հարցեր տան։ Տեսել եմ արցախահայության պատգամավորներին, որոնք այնտեղ են, իսկ արցախահայությանը մենք օգնել ենք թե՛ մինչև Արցախում իրենց կողմից իրականացված Արցախի հանձնելը, թե՛ երբ երկու օրվա մեջ 100 հազարից ավելի արցախցի եկավ, էնքան բան ենք արել»,- ասաց նա։