25/07/2024

Սադրանքների նոր ծավալում թույլ չտալու համար

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի տարածած տեղեկությունը, թե հայկական զինուժը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Բաքուն տարածել էր հաղորդագրություն, թե հայկական ուժերն իբր կրակել են Նախիջեւանի ուղղությամբ: Տեւական ժամանակ դադարից հետո Բաքուն վերստին տարածում է իբր թե հայկական ուժերի կրակոցների մասին տեղեկություն:

Ադրբեջանն ըստ ամենայնի փորձում է այդ կերպ օգտվել, ու միաժամանակ ազդել ներքաղաքական իրավիճակի, հասարակական տրամադրությունների վրա:

Անկասկած է, որ այդօրինակ տեղեկատվական հնարքները Բաքուն հենց այնպես չէ, որ գործադրում է: Ինչ կոնկրետ հաշվարկներ ունի Ալլիեւի ռեժիմը, միարժեք ասելը բարդ է, բայց, որ հիմքում Հայաստանի ներքին իրողություններից օգտվելն ու տրամադրությունների վրա ազդելն է, կասկածից վեր է: Այդ առումով, Հայաստանի ՊՆ հերքումը նվազագույն, բայց ոչ բավարար հանգամանք է:

Անկախ Հայաստանում ներքաղաքական տրամադրություններից, անկախ ներքաղաքական սրված իրավիճակից եւ հռետորաբանությունից, ներքին կյանքի բոլոր մասնակիցները իրենց վարքագծով եւ իրենց ազդակներով պետք է մի աներկբա հանգամանք ցույց տան Ադրբեջանին՝ որ Բաքուն տեղեկատվական մանիպուլյացիաներով չի կարող միջամտել Հայաստանի ներքին գործերին եւ չի կարող ուղղորդել հանրային որեւէ տրամադրություն, չի կարող օգտվել իրավիճակից եւ Հայաստանի հանդեպ կիրառել տեղեկատվական շանտաժի իր «ավանդական հնարքները»:

Միեւնույն ժամանակ, ամիսների դադարից հետո Ադրբեջանի այդ տեղեկատվական հնարքների վերսկսման ռիսկը պետք է աչալուրջ դիտարկման առարկա լինի նաեւ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության, ու նաեւ միջազգային բոլոր այն դերակատարների համար, որոնք կարեւոր են համարում Կովկասում հաստատուն ու հավասարակշռված խաղաղությունը: Նրանց աչալրջությունը պետք է Ադրբեջանի համար լինի լրացուցիչ զսպող գործոն, սադրանքների ծավալում թույլ չտալու համար: