Թուրքական Հյուրիեթը հայտնում է, որ Թուրքիայի հետախուզությունը օգնել է Ռուսաստանին կանխել Մոսկվայում նախատեսված երկրորդ խոշոր ահաբեկությունը՝ Կրոկուսի ահաբեկությունից հետո:
Ըստ թերթի տվյալի, Թուրքիան իր ունեցած տեղեկությունը փոխանցել է Մոսկվային, հայտնելով, որ Իսլամական պետություն ահաբեկչական կազմավորման մաս կազմող «Վիլայաթ Հորասան» խմբավորումը ծրագրել է խոշոր ահաբեկություն Մոսկվայի խոշոր առեւտրի կենտրոններից մեկում: Այդ տեղեկության շնորհիվ, հնարավոր է եղել կանխել ահաբեկությունը, հայտնում է թուրքական թերթը:
Չեն նշվում ժամկետներ, թե ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը, սակայն հատկանշական է, որ տեղեկությունը «դուրս է լողում» Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի Ռուսաստան այցից եւ այնտեղ ԲՐԻԿՍ արտգործնախարարների հավաքին մասնակցելուց հետո նաեւ Ռուսաստանի հետախուզության պետի, անվտանգության խորհրդի քարտուղարի եւ ընդհուպ ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո: Ինչպես առիթ եմ ունեցել գնահատելու, Ֆիդանի այդ հանդիպումները վկայում են, որ Անկարան փորձում է հասնել Մոսկվայի որոշակի «բարեհաճության», այն նկատելի սառնության ֆոնին, որ նախորդ ամռանից առկա է երկու երկրների հարաբերություններում:
Եվ ահա, Ֆիդանի հանդիպումներից հետո, որն ի դեպ մինչեւ Թուրքիայի արտգործնախարար նշանակվելը ղեկավարել է թուրքական հետախուզությունը, այդ երկրի մամուլով հրապարակվում է տեղեկություն, որ Անկարան իր ունեցած տեղեկատվության փոխանցումով օգնել է Մոսկվային կանխել խոշոր ահաբեկություն:
Նկատեմ նաեւ, որ Կրոկուս համերգասրահում մարտին տեղի ունեցած ահաբեկության առնչությամբ քննությամբ հաստատվել էին տվյալներ, որ ահաբեկիչները պատրաստվել են Թուրքիայում գտնվող ճամբարներում:
Անկարան դրանից հետո դարձել է Ռուսաստանի հանդեպ ավելի ուշադի՞ր, թե՞ պարզապես այս անգամ տրամադրելով տեղեկատվություն պատրաստվող ահաբեկության մասին, ստացել է դրա դիմաց իր ակնկալած գինը:






Բաց մի թողեք
Թուրքիան ապահովագրում է Ադրբեջանին
Ալիևի խնդիրն է, թե հակառուս-ժողովրդավար Քերիմլիին ինչպե՞ս է ներկայացնելու «Կրեմլի գործակալ»
Պատերազմը չէր լինի, եթե Կառավարության ղեկավարը խնդրո առարկա կարգավորման փաթեթին ընթացք տար