18/07/2024

Քաղաքական կամքի առկայության դեպքում Հայաստանը և Ադրբեջանը կարող են շատ շուտով ստորագրել խաղաղության համաձայնագիրը. Կլաար

Թեև միջազգային մասնակցությունը խաղաղության բանակցություններին վերջին ամիսներին ավելի սահմանափակ է եղել, քան նախորդ երկու տարում, մենք ուրախ ենք արձանագրել հայ-ադրբեջանական երկկողմ հանդիպումների ընթացքում գրանցված առաջընթացը:

Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների հետ հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին:

Նա նշել է, որ պարբերաբար այցելում է Հայաստան և Ադրբեջան, ղեկավարների և մյուս պաշտոնյաների հետ, կարծիքներ փոխանակում այն մասին, թե ինչպես լավագույնս օգտագործել հնարավորությունները՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը, ինչը նշանակում է ԵՄ բարձր մակարդակի աջակցություն՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

«Մենք բարձր ենք գնահատել ղեկավարների և այլ պատասխանատու անձանց հետաքրքրությունը տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ գործընթացում առաջընթացի մասին մեզ իրազեկելու հարցում։ Մենք նաև կարծիքներ ենք փոխանակել այն մասին, թե ինչպես լավագույնս գնահատել և աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատման հնարավորություններին։ Այդ իսկ պատճառով իմ այցերը նպաստեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու՝ ԵՄ բարձր մակարդակի ջանքերին»,- ասել է Կլաարը։

Եվրամիությունը, ըստ Կլաարի, ողջունել և գնահատել է այնպիսի դրական զարգացումներ, ինչպիսիք են 2023 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը COP29-ի և բանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ, 2024 թվականի ապրիլի 19-ին սահմանների սահմանազատումը սկսելու մասին համաձայնագիրը, որը վերահաստատել է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի կարևորությունը՝ որպես հիմք սահմանների սահմանազատման և սահմանագծման հետագա աշխատանքների համար:

«Այս ամենը բարենպաստ պայմաններ է ստեղծել երկար սպասված խաղաղության համաձայնագրի կնքման համար և, իմ դիտարկումներով, կողմերն այժմ ավելի քան երբևէ մոտ են մի համաձայնագրի, որը քաղաքական կամքի առկայության դեպքում կարող է շատ շուտով ստորագրվել։

Պետք է ողջունել նաև այն փաստը, որ այս գարունը վերջին տասնամյակների ընթացքում եղել է տարածաշրջանի ամենահանգիստ ժամանակաշրջաններից մեկը: Ես կարծում եմ, որ կողմերը ճիշտ ուղու վրա են։ Հուսով եմ, որ դրական զարգացումները կշարունակվեն, և շուտով ձեռք կբերվեն հետագա կոնկրետ պայմանավորվածություններ և վստահության ամրապնդման այլ միջոցներ։ Խաղաղության համաձայնագրի տարրերի մեծ մասն արդեն համաձայնեցված է, իսկ մնացած հարցերը, կարծում եմ, հեշտությամբ կարելի է լուծել:

Դա կազդի նաև տարածաշրջանում ԵՄ աշխատանքի վրա, քանի որ Եվրամիությանը թույլ կտա ավելի լայն տարածաշրջանային համագործակցություն ծավալել Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների մասնակցությամբ:

ԵՄ-ն պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղությանը բոլոր ոլորտներում տարբեր միջոցով՝ հատկապես կենտրոնանալով տարածաշրջանային կապի և տրանսպորտի վրա՝ կախված կողմերի միջև պայմանավորվածություններից»,- ասել է Կլաարը: