26/12/2024

Ադրբեջանը հրաշալի խաղում է գազի ու նավթի թեմաներով ԵՄ-ի ու Զարգացման ասիական բանկի միջև

Բաքու է այցելել Զարգացման ասիական բանկի նախագահ Մասացուգու Ասակավան: Նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ֆորմալ առիթը կողմերի միջեւ համագործակցության քսանհինգամյակն է:

Դիվանագիտական սիրալիրությունների փոխանակման ենթատեքստը, սակայն, գործնական է: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը Եվրամիության առջեւ մինչեւ 2027թվականը ԵՄ երկրներ խողովակաշարային գազի արտահանման տարեկան ծավալը 20 միլիարդ խորանարդ մետրի հասցնելու պայմանավորվածություն ունի: Բաքու-Էրզրում գազատարը նման թողունակություն, իսկ Ադրբեջանը ենթակառուցվածքների արդիականացման ֆինանսական ազատ միջոցներ չունի:

Իլհամ Ալիեւը դեռեւս տարեսկզբին է բացահայտել, որ գազի եվրոպական գնորդները ներդրումներ կատարելու հետաքրքրություն չունեն, եվրոպական բանկերն իրենց վարկային պորտֆելից հանել են ածխաջրածնային էներգետիկ ռեսուրսների արդյունահանման եւ տարանացման վարկավորման ծրագրերը:

Զարագացման ասիական բանկի տնօրենը Բաքու է հրավիրվել մի փուլում, երբ Եվրամիությունում ձեւավորվում է նոր գործադիր իշխանություն: Ըստ տեղեկությունների, ԵՄ երկրները համաձայնության են եկել, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կպաշտոնավարի երկրորդ ժամկետով, իսկ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանձնակատար Բորելը հեռանում է: Նրան, ամենայն հավանականությամբ, կփոխիրնի Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը:

Վերջինս Ռուսաստանի նկատմամբ կոշտ քաղաքականության կողմնակից է: Ադրբեջանի հետ ԵՄ էներգետիկ համագործակցության պայմանավորվածություն ձեռք է բերվել 2021 թ.-ին«Ֆոն դեր Լյայենի Բաքու» այցի ընթացքում: Բայց դրանից հետո, ինչպես ասում են, շատ ջրեր են հոսել:

Ամենակարեւորը, թերեւս, հայ-ադրբեջանական բանակցությունների բրյուսելյան հարթակի չեղարկումն էր, որ տեղի ունեցավ Ալիեւի նախաձեռնությամբ, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության նկատմամբ Բաքվի անհանդուրժողականությունը: Երկու դեպքում էլ Բաքվի ձեռնարկումներում հստակ դիտարկվում էր Մոսկվայի «հուշարարությունը».

Այս փուլում Ադրբեջանը ներկայանում է որպես «կանաչ էներգիայի» աղբյուր: Ծրագրի առանցքում, սակայն, գազի ներքին սպառումը կրճատելու եւ խնայված միջոցներով ԵՄ առջեւ պարտավորության կատարման խնդիրն է, որը լուծելու համար Բաքուն գործարքի մեջ է ռուսաստանյան «Գազպրոմի» հետ: Վերջին շրջանում մամուլը քննարկում է նաեւ Ռուսաստանից գազ գնելու եւ ուկրաինական խողովակաշարերով Եվրոպա արտահանելու Բաքվի մտադրության մասին:

Եվրահանձնաժողովի կազմավորումից հետո, բացառված չէ, Բրյուսելի եւ Բաքվի միջեւ նոր քննարկումներ կսկսվեն: Առ այս պահը ԵՄ դիրքորոշումն այն է, որ եվրոպական ընկերությունները միայն գնորդ են, մյուս հարցերը պետք է կարգավորի Ադրբեջանը:

Ընդ որում, ԵՄ-ն երկարաժամկետ պայմանավորվածությունների երաշխիքներ չի տալիս. գազի միջազգային շուկայում կոնյունկտուրայի փոփոխության դեպքում նախապատվությունը կտրվի ավելի էժան գին առաջարկող մատակարարին:

Զարգացման ասիական բանկը կվարկավորի՞ Բաքու-Էրզրում խողովակաշարի թողունակության մեծացման ադրբեջանական նախագիծը: Խոսքը տարեկան քսան միլիարդ խորանարդ մետր գազի մասին է, որ Եվրամիության ընդհանուր սպառման հինգ-յոթ տոկոսն է: Որոշումները, հավանաբար, քաղաքական են լինելու:

Ըստ երեւույթին, Ադրբեջանը Զարգացման ասիական բանկից Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ենթակառուցվածքների արդիականացման նախագծի վարկավորման ակնկալիքներ նույնպես ունի: Դա Ռուսաստան-Իրան- Պարսից ծոց երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության՝ աշխարհաքաղաքական նշանակության հաղորդակցություն է, որի նկատմամբ հավաքական Արեւմուտքի վերաբերմունքը բացասական է: