23/12/2024

Անձին ծեծել են, սափրել գլուխը, ստիպել մերկանալ, անել արժանապատվությունը նվաստացնող գործողություններ. կան կալանավորվածներ

ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկելու, նրան ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի էական մի շարք հանգամանքներ:

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ, 2024թ. մայիսի 24-ին քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ իր երկու ծանոթները, գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունից հետո, իր կամքին հակառակ, իրեն պահել են Երևան քաղաքի Տիտոգրադյան փողոցի բնակարաններից մեկում և ծեծի ենթարկել։

«Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Ազատությունից ապօրինի զրկելը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Ֆիզիկական ներգործությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված մի շարք գործողություններով պարզվել են առերևույթ հանցագործություն կատարած հիշյալ անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ:

Նախաքննությամբ պարզվել է, որ դեպքից օրեր առաջ տուժողը վարձակալությամբ վերցված ավտոմեքենայով վթարի է ենթարկվել և չի կարողացել փոխհատուցել պատճառված 1000 ԱՄՆ դոլար վնասը, ինչի շուրջ վիճաբանություն է ունեցել ավտոմեքենայի սեփականատիրոջ հետ:

Վիճաբանությանը միջամտել են Երևան քաղաքի հիշյալ երկու բնակիչներ, տուժողի ծանոթները, ովքեր վերջինիս փոխարեն ավտոմեքենայի սեփականատիրոջը հավաստիացրել են, որ գումարը կփոխանցվի՝ միաժամանակ տուժողին ստիպելով, պարտք-գումարը մարելու նպատակով, հափշտակություն կատարել, ինչը, սակայն, վերջինս չի կատարել և դիմել է փախուստի։

Նույն օրը նշված անձինք այցելել են տուժողի բնակության հասցե, որտեղից խաբեությամբ նրան տեղափոխել են Երևան քաղաքի Տիտոգրադյան փողոցի բնակարաններից մեկը, որտեղ նախ՝ ծեծի են ենթարկել նրան, ապա՝ սափրել են գլուխը և ստիպել մերկանալ ու մտնել զուգարան, կատարել արժանապատվությունը նվաստացնող գործողություններ, ինչն ամբողջությամբ տեսաձայնագրել են բջջային հեռախոսով։ Այդ ամենից հետո հարազատների միջոցով գումարը փոխանցվել է տղամարդուն առևանգած հիշյալ անձանց, և նրան բաց են թողել։

Ձեռք բերված նոր փաստական տվյալների հիման վրա նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), որը միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին:

2024թ․ հունիսի 28-ին նշված անձինք, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել և ներկայացվել են վարույթ իրականացնող մարմնին:

Քրեական վարույթի ընթացքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում նա ներկայացրել է դեպքի մանրամասները, իսկ վերջինիս բջջային հեռախոսի զննությամբ հայտնաբերվել են քննության համար նշանակություն ունեցող, դեպքին վերաբերելի տեսաձայնագրությունները։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել քրեական վարույթի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ վերոհիշյալ երկու անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է: Որպես խափանման միջոց՝ վերջիններիս նկատմամբ ընտրվել է կալանքը»,- ասված է հաղորդագրության մեջ։