27/12/2024

«Վաստակի» փոխզիջումային ընկալում Կովկասով անցնող առևտրային երթուղիների վերահսկողության համար

Թեև հայ հանրության ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է Աստանայում Շանհայի գործակցության կազմակերպության վեհաժողովի շրջանակում Պուտին-Ալիև և Պուտին-Էրդողան հանդիպումների վրա, Ղազախստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել թերևս առավել կարևոր կամ նվազագույնը՝ ոչ պակաս կարևոր մի հանդիպում և փաստաթղթի ստորագրում:

Ալիևը հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, իսկ երկու նախագահները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր: Դրանով երկու կողմերը հավաստում են հարաբերությունների համապարփակ խորացման մտադրությունն ու պատրաստակամությունը:

Իհարկե, այդօրինակ հռչակագրերը չարժե գերագնահատել, սակայն դրանք չեն լինում նաև լոկ փաստաթղթեր, հատկապես երբ խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ առնվազն մի կողմում մեծ տերություններ են, ինչպես տվյալ դեպքում՝ Չինաստանը: Չինաստանի և Ադրբեջանի միջև այս համաձայնագիրը ընդգրկուն է և, անշուշտ, արժանի է հանգամանալից ուշադրության ու դիտարկման, ինչը կփորձեմ անել առաջիկա օրերի ընթացքում: Առայժմ արձանագրենք, առաջին հերթին, որ այդ երկուսի միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը ստորագրվում է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ’Բրայանի Բաքու կատարած այցից հետո:

Իսկ ինտրիգն այն է, որ Բաքու կատարած այցից առաջ Օ’Բրայանը ելույթ էր ունեցել Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ընթացքում, որի ժամանակ խոսել էր Կենտրոնական Ասիայի ռեսուրսները Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա առևտրային միջանցքով Միջերկրական ծով և Եվրոպա հասցնելու շահագրգռության մասին, ասելով, որ դրա նպատակը Ռուսաստանի և Չինաստանի շրջանցումն է:

Ահա այդ պարագայից հետո Օ’Բրայանը այցելում է Բաքու, իսկ օրեր անց Բաքուն ռազմավարական գործընկերության հռչակագիր է ստորագրում Չինաստանի հետ՝ այն Չինաստանին, որին շրջանցելու նպատակի մասին Կոնգրեսում բարձրաձայնել էր Ջեյմս Օ’Բրայանը:

Կրկնեմ, միանշանակ եզրակացությունների համար անշուշտ վաղ է, բայց փաստ է, որ այդ իմաստով Ադրբեջանը բարդացնում է խաղը, ինչի շնորհիվ փորձում է բարձրացնել իր գինը, ինչը անկասկած մտադիր է լինելու ծառայեցնել նրան, որ «վաստակի» փոխզիջումային ընկալում Կովկասով անցնող առևտրային երթուղիների վերահսկողության համար պայքարող բոլոր խոշոր խաղացողների համար: Սա ռիսկ է, որը պահանջում է Հայաստանի չափազանց լրջմտություն: