Հուլիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ -Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրաչյա Քոչար 13 հասցեում խուլիգանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մի քանի հոգու ծեծի են ենթարկել:
ժամը 01։20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել 3 քաղաքացու։
Իրավապահները պարզել են, որ այդ քաղաքացիներն են Երևանի բնակիչներ 62-ամյա Սերյոժա Ե․-ն, 33-ամյա Սևակ Վ․-ն և 35-ամյա Վահան Զ․-ն: Ոստիկանները պարզել են նաև, որ Սերյոժա Ե․-ն, Սևակ Վ․-ն, Վահան Զ․-ն և Երևանի բնակիչ 64-ամյա Գնել Ա․-ն հուլիսի 3-ին՝ ժամը 23։00-ին, ՀԷՑ «Արաբկիր» մասնաճյուղի տնօրեն 31-ամյա Նարեկ Փ․-ի ցուցումով մեկնել են Ռուբինյանց փողոցի թիվ ենթակայաններից մեկը, որտեղից, իբրև թե, հրդեհի ահազանգ է եղել:
Տեղում պարզվել է, որ հրդեհ չի եղել և մոտ 10 անձ Ռուբինյանց փողոցի 27/109 հասցեի մոտ հարձակվել են նրանց վրա, և ծեծի են ենթարկել Սերյոժա Ե․-ին, Սևակ Վ․-ին, Վահան Զ․-ին և Գնել Ա․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծեծի ենթարկող անձանցից են ոմն Քանաքեռցի Սայաթի որդի Արտյոմը, Երևանի բնակիչ 44-ամյա Վլադիմիր Մ․-ն և 45-ամյա Հայկ Դ․-ն, ում ձեռքին այդ պահին եղել է հրազենին նմանվող առարկա:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ դեպքի ամբողջական հանգամանքները և մասնակիցների տվյալները պարզելու ու մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Բաց մի թողեք
Դիլիջանում պարեկներն Էկոպարեկային ծառայության տեղամասի պետին զրկել են վարելու իրավունքից․ Լուսանկար
Ինչ կապ ունեն Երևանում լայնամասշտաբ ստուգումները Աջափնյակի արյունալի դեպքի հետ
Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են. մանրամասներ