15/01/2025

Եղեգնաձորի ռեստորաններից մեկում խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով ու 3 քաղաքացու վրաերթով

Հուլիսի 7-ին խուլիգանություն, ծեծկռտուք և վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում գտնվող «Եղեգն» ռեստորանային համալիրում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որն այնուհետև շարունակվել է փողոցում, ինչի հետևանքով էլ 3 քաղաքացի վրաերթի է ենթարկվել։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 01:00-ի սահմաններում Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 123 կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ 33-ամյա Արթուր Մուրադյանն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նշված ճանապարհը հատող հետիոտներին՝ Վայոց ձորի մարզի բնակիչներ 51-ամյա Արմեն Սողոմոնյանին, 45-ամյա Ենոք Նազարյանին և 43-ամյա Հովիկ Սարգսյանին։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վիրավորներին տեղափոխել «Վայոց ձոր» ԲԿ, ինչից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին։

Նա ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են վրաերթի ենթարկվածների կոշիկները, մեկը՝ ավտոմեքենայի տակ, երկուսը՝ ավտոմեքենայից բավականին հեռավորության վրա։ Դրսում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։

Մինչ դեպքի վայրում աշխատել է քննչական խումբը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ վրաերթից առաջ՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123 կմ հատվածի աջակողմյան տարածքում գտնվող «Եղեգն» ռեստորանային համալիրում բանակից զորացրվելու կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ռեստորանի բակում հայհոյանքներ հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանություն է ծագել միջոցառման մասնակիցների՝ Վայոց ձորի մարզի բնակիչներ 51-ամյա Արմեն Սողոմոնյանի, 45-ամյա Հովիկ Սարգսյանի, 41-ամյա Գարիկ Սարգսյանի և ռեստորանի հաճախորդների՝ Վայոց ձորի մարզի բնակիչներ 32-ամյա Գեղամ Վարդանյանի, 31-ամյա Ռոմիկ Վարդանյանի, 31-ամյա Գեղամ Բադալյանի ու 33-ամյա Տիգրան Բադալյանի միջև։

Վիճաբանություն-ծեծկռտուքն այնուհետև տեղափոխվել է ռեստորանի տարածքից դուրս՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի եզր, որի ժամանակ նշված անձինք քաշքշել, բռունցքներով հարվածել են միմյանց, հնչեցրել են հայհոյանքներ և բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել նշված ռեստորանում անցկացվող միջոցառման մասնակիցների նկատմամբ։

Ծեծկռտուքը տևել է մոտ 20 րոպե, այդ ժամանակ էլ փողոցում տեղի է ունեցել վրաերթը: Դեպքի փաստով «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։