18/07/2024

Բլինքենը կձգի Բայրամով – Միրզոյանի ականջները, այլապես ինչ է ասելու համատեղ հանդիպմանը

Վաշինգտոնում ձեռք բերած պայմանավորվածության համաձայն տեղի կունենա Բլինքեն-Միրզոյան-Բայրաով եռակողմ հանդիպում: Ինչպես հայտնի է, ավելի վաղ հայտարարվում էր, որ այդպիսի հանդիպման պայմանավորվածություն չկա:

Փաստորեն, պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վաշինգտոնում, ինչի հնարավորությունը կանխատեսել էի այն տեղեկատվությանն անդրադարձերումս, որ հանդիպման պայմանավորվածություն չկա:

Այստեղ հետաքրքիր է, թե արդյո՞ք ավելի վաղ պայմանավորվածության բացակայության պատճառն այն էր, որ ամերիկյան կողմը չէր էլ փորձել կազմակերպել կամ քննարկել հարցը եւ Վաշինգտոնում հանդիպումը ստացվել է առաջին իսկ փորձից, թե՞ հանդիպում կազմակերպելու փորձը եղել է ավելի վաղ՝ հրավերից սկսած, սակայն միայն Վաշինգտոնում է հաջողվել կողմերի մոտ հասնել ինչ որ համաձայնության:

Սա ամենեւին տեխնիկական դետալ չէ, այլ հանգամանք, որը թույլ կտա հասկանալ, թե ինչ «հեռանկարով» կարող է լինել հանդիպումը:

Ինչպես ավելի վաղ կարծիք էի հայտնել, Վաշինգտոնն այդպիսի հանդիպման կազմակերպման կգնա, այլ կերպ ասած՝ այդ հանդիպման տեղեկատվական պատասխանատվության տակ կմտնի այն դեպքում, երբ լինի որեւէ շոշափելի համաձայնության շատ, թե քիչ հավաստի հնարավորություն:

Այդ իմաստով, եթե պետքարտուղար Բլինքենի հովանու ներքո կազմակերպվում է վաշինգտոնյան հանդիպում, ապա մեծ հավանականությամբ դրա սեղանին կլինի նախապատրաստված որեւէ համաձայնություն կամ պայմանավորվածություն:

Ի դեպ այդ առումով արժե հիշել հայտարարությունը, որ Թբիլիսիում արել էր Ջեյհուն Բայրամովը՝ օրեր առաջ իր այցելության ընթացքում, ասելով, թե առաջիկայում կտեսնենք հայ-ադրբեջանական նոր համաձայնություններ: Միացյալ Նահանգների նպատակը բավականին հստակ բարձրաձայնել է պետքարտուղար Բլինքենի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը, որը անցնող շաբաթներին եղել է Երեւանում ու Բաքվում:

Օ Բրայանը հայտարարել է, որ կա խաղաղության համաձայնագրի պատմական պահ, որը կարեւոր է Կենտրոնական Ասիայից մինչեւ Միջերկրական ծով առեւտրային միջանցք կառուցելու եւ այդ միջոցով Ռուսաստանի ու Իրանի ռեգիոնալ ազդեցությունը նվազեցնելու, նաեւ Ռուսաստանի ու Չինաստանի ճանապարհները շրջանցելու հնարավորություն:

Մեծ հաշվով, դրան հակազդեցության տարր էր օրեր առաջ Չինաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը: