23/12/2024

Քոչարյանի գործը քննած դատավոր Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվեցին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված դատական գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորություններն այսօր ԲԴԽ-ի կողմից դադարեցվեցին։

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր հրավիրված նիստում հայտարարեց, որ խորհրդի անդամները միաձայն կողմ են քվեարկել արդարադատության նախարարի ներկայացրած միջնորդությանը՝ Դանիբեկյանի լիազորորությունները դադարեցնելու վերաբերյալ։

«ԲԴԽ-ն, քննելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել այն։ Խորհուրդը որոշեց դադարեցնել դատավոր Դանիբեկյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։ Որոշումն ընդունվել է միաձայն, ուժի մեջ է մտնում ընդունման պահից և վերջնական է»,- ներկայացրեց ԲԴԽ նախագահը։

Ըստ Անդրեասյանի՝ Ռոբերտ Քոչարյանի՝ երկար ձգձգված և վաղեմության ժամկետի հիմքով կարճված գործն ուներ բացառիկ կարևորություն թե՛ վարույթում ներգրավված անձանց շրջանակի կարգավիճակով, թե՛ նրանց մեղսագրվող արարքների քրեաիրավական բնույթով։

«Հետևաբար, Աննա Դանիբեկյանը պիտի գիտակցեր, որ արդարադատություն է իրականացնում ՀՀ դատաիրավական պրակտիկայի պատմության ամենակարևոր գործերից մեկով, և պետք է արդյունավետ կազմակերպեր ու ողջամիտ ժամկետում իրականացներ արդարադատություն։ Դատավարությունը տևել է 4 տարի 4 ամիս, ինչը խորհրդի համոզմամբ տեղի է ունեցել, քանի որ դատավորը պատշաճ չի կատարել օրենքով իրեն վերապահված պարտականությունները։ Մասնավորապես, Աննա Դանիբեկյանը չի օգտվել օրենքով նախատեսված գործիքակազմից, չի խափանել միատեսակ միջնորդությունների ներկայացմամբ դրսևորվող իրավունքի չարաշահումը»,- նկատեց Անդրեասյանը։

Ըստ էության, ԲԴԽ-ի պնդմամբ, դատավորը նպաստել է Քոչարյանի գործով վաղեմության ժամկետի լրացմանը։