27/12/2024

ԵՄ-ին անդամակցելու հարցով հանդիպել ենք Արմեն Գրիգորյանին, բայց երկրորդ «ռաունդը» տեղի չունեցավ․ Սարգսյան

«Երբ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Բաքվում կայանալիք COP 29 համաժողովից հետո կարող է սահմաններին նորից խժդժություն սկսվել, մտածեցինք՝ նման պարագայում մենք արտաքին քաղաքական ինչ լծակներ ունենք դա ինչ-որ կերպ մեղմելու համար։ Եվ այդ առումով առաջարկեցինք մեր անվտանգության բազան ավելացնել նաև ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելով»,- այս մասին «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ի հրավիրած հավաքի ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը

Նա ներկայացրեց իրենց գաղափարի նպատակը, Ա․ Սարգսյանի կարծիքով, իշխող ուժը չի մերժել իրենց գաղափարը։ Արամ Սարգսյանի փոխանցմամբ՝ իրենք ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանդիպել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ՝ բավականին բարդ է անցել․ «Ասաց, որ արգումենտները, որոնք բերվում են համոզիչ են, սա համարենք առաջին ռաունդ։ Կտեղակացնի իր քաղաքական թիմին, որից հետո մեկ շաբաթից տեղի կունենա երկրորդ ռաունդը, բայց այդ երկրորդ ռաունդը տեղի չունեցավ»։