18/10/2024

Նորատուսցի Արայի տղան և ևս մեկ անձ կալանավորվել են. մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Սևանի ավագանու «Սարգիս Մուրադյան» դաշինքի անդամ Արսեն Աֆիյանի սպանության դեպքի վերաբերյալ՝ նշելով, որ երկու անձ է կալանավորվել, որոնցից մեկը Լևոն Բանդուրյանն է՝ քրեական հեղինակություն «Նորատուսցի Արայի» որդին:

ՔԿ հաղորդագրությունը՝ ստորև.

Պարզվել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից՝ Սևան քաղաքի Երևանյան փողոցում տեղակայված հանգստյան գոտու մոտ խուլիգանություն կատարելու, 37-Աֆիյանի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ Արսեն Աֆիյանը, Աբովյան քաղաքի 42-ամյա բնակիչը, վերջինիս կինը և ևս երկու անձ հաճախել են Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Երևանյան փողոցում տեղակայված հանգստյան գոտու ռեստորան, որտեղ ցանկացել են ընթրել։ Մատուցողին պատվեր տալիս հիշյալ հանգստյան գոտում հանգստացող 19-ամյա մի երիտասարդ՝ Լ․Բ․-ն, և 40-ամյա մի տղամարդ՝ Մ․Փ․-ն, դուրս գալով առանձնատնից, պահանջել են բարձր չխոսել։ 37 և 42-ամյա տղամարդիկ, հակադարձելով այդ պահանջներին, հայտնել են, որ իրենք բարձր չեն խոսում։

Նշված չնչին առիթն օգտագործելով՝ Լ․Բ․-ն, Մ․Փ․-ն և ինքնությունը դեռևս չպարզված տղամարդը, մոտենալով ռեստորանի բացօթյա հատվածին, մուտքի մոտ հանդիպել են իրենց ընդառաջ եկող 37 և 42-ամյա տղամարդկանց։ Իրենց ենթադրյալ առավելություններն ու գերակայությունն ընդգծելու, ներկաների և այլ անձանց մոտ սարսափ առաջացնելու նպատակով, անտեսելով հանգստյան գոտում գտնվող այլ հաճախորդների ու աշխատողների ներկայությունը, նրանք փոխադարձ քաշքշուկի և վիճաբանության մեջ են մտել հիշյալ երկու տղամարդկանց հետ։ Այդ ընթացքում հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, գոռգոռացել են, փոխադարձաբար ոտքերով և ձեռքերով հարվածել միմյանց մարմնի տարբեր մասերին:

Տեսնելով, որ 42-ամյա տղամարդը ակոսափող ատրճանակ է հանել, Մ․Փ․-ն նրան գցել է գետնին: Ապա հիշյալ առանձնատնից վերցնելով ապօրինի կերպով պահվող ակոսափող հրազենը՝ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, նախ այլ անձանց կյանքի և առողջության համար վտանգավոր եղանակով կրակոց է արձակել 42-ամյա տղամարդու ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, որից հետո վերցրել է վերջինիս ակոսափող ատրճանակը և դրել իր գոտկատեղում։

Այնուհետև Մ․Փ․-ն կրակոց է արձակել հանգստյան գոտու անվտանգության աշխատակցի ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր՝ ծանր վնաս, որից հետո, Արսեն Աֆիյանին կյանքից զրկելու նպատակով, կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ նրան պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։ Վիճաբանությունը և փոխադարձ ծեծկռտուքը դադարել է ներկա գտնվող առանձին անձանց միջամտության արդյունքում։

Վերոհիշյալ գործողությունների հետևանքով խաթարվել է հիշյալ հանգստյան գոտու բնականոն աշխատանքը, հաճախորդների ու աշխատակիցների ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը՝ նրանց մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Մ․Փ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 166-րդ հոդվածի (առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով, 167-րդ հոդվածի (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով, 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) 1-ին մասով:

19-ամյա Լ․Բ-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 2-րդ մասի 1-ին կետով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նշված երկու անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Նախաքննությունը շարունակվում է»: