08/09/2024

Քոչարյանի երբեմնի «քաղաքական դաշնակից» Վահե Հակոբյանը «Հայաստան» դաշինքը լքելուց զատ լքել է նաև իր ստեղծած «Վերածնվող Հայաստան»-ի նախագահի պաշտոնը․ Լուսանկար

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ-ի հետ 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ դաշինք կազմած «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը լքել է կուսակցությունը։

Այս տարվա մարտի 1-ին կուսակցությունը համագումար է հրավիրել, որի ժամանակ կուսակցության նախագահ է ընտրվել Անժելա Նալբանդյանը։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ կուսակցության՝ azdarar.am-ում զետեղված 2023 թ. հաշվետվությանը կից ներկայացված «Այլ բացահայտումներ» տեղեկանքից։ Նշենք, որ միաժամանակ դադարեցվել են Վահե Հակոբյանի լիազորությունները կուսակցության կառավարող մարմնում, Ա. Նալբանդյանն էլ նշանակվել է կառավարող մարմնի անդամ։

Անժելա Նալբանդյանը, նշենք, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում էր, 2022-ին էլ համանուն խմբակցության կողմից առաջադրվել էր թեկնածու՝ ՀՌՀ անդամի թափուր տեղի համար։ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ քվեարկեց վերջինիս թեկնածությանը:

2021-ի ԱԺ ընտրություններից հետո էլ Նալբանդյանն այսպիսի գրառում էր արել. «Ես «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ եմ, որը գլխավորում է Վահե Հակոբյանը, և հպարտ եմ իմ կուսակցությամբ: Ես «Հայաստան» դաշինքի անդամ եմ, որը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը, և հպարտ եմ իմ քաղաքական ուժով…»։ Նա, ի դեպ, իր մանդատից հրաժարվեց նախորդ տարի նոյեմբերին (ցուցակի ևս մի քանի պատգամավորացուներ), և փափագելի մանդատը բաժին հասավ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանին, որն այդ շրջանում կալանքի տակ էր։

Նշենք, որ Վահե Հակոբյանը կուսակցության նախագահի պաշտոնում վերջին անգամ ընտրվել էր 2021 թ. փետրվարի 5-ին: Կուսակցության ղեկավար անձնակազմում են նույն՝ 2021 թվականին ընտրված, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավորներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը։

Վերջիններս, հիշեցնենք, վայր դրեցին իրենց մանդատները 2022-ի նոյեմբերին, երբ «Դիմադրություն» շարժման ձախողումից հետո Վահե Հակոբյանն ազդարարեց «Հայաստան» դաշինքը լքելու մասին։ Այս կուսակցության անդամներ են եղել նաև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Մեղրիի նախկին համայնքապետ, ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը, որոնք, սակայն, 2021 թ. ԱԺ ընտրություններից հետո որոշ ժամանակ անց դուրս են եկել կուսակցությունից։

Վերամբարձ անվանումով այս քաղաքական պրոյեկտը, հիշեցնենք, հիմնադրվել է 2016-ին, Հակոբյանի կողմից, և դատելով 2023 թ. հաշվետվությունից՝ ունի 3116 անդամ, փաստորեն, անդամների թվի աճ է ունեցել. 2021-ի տվյալներով՝ 2134 անդամ ուներ։

Ուսումնասիրելով կուսակցության 2023 թ. հաշվետվությունը՝ պարզեցինք, որ այն ստացել է 15 մլն 763 հազար 500 դրամ պետական ընդհանուր ֆինանսավորում և 4 մլն 288 հազար դրամ պետական նպատակային ֆինանսավորում (ընդամենը՝ 20 մլն 51 հազար 500 դրամ), որպես նվիրատվություն՝ 4 մլն 609 հազար 379.14 դրամ։ Կուսակցության ընդհանուր մուտքերը հաշվետու տարում կազմել են 24 մլն 664 հազար 129.14 դրամ։

Ընդհանուր ելքերը կազմել են 35 մլն 47 հազար դրամ, որից մասնավորապես 11 մլն 43 հազար 117 դրամը աշխատանքի վարձատրության ուղղությամբ է ծախսվել, 3 մլն 133 հազար 628 դրամն էլ հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներն են եղել, 29 հազար 356 դրամն էլ՝ կոմունալ վճարները։ Դրամական միջոցների մնացորդը տարեվերջին կազմել է 7 մլն 48 հազար 44 դրամ։

Կուսակցությունը հաշվետու տարում ընդամենը երեք հոգուց է նվիրատվություն ստացել, որոնց անձը հաստատող տվյալները, սակայն, զետեղված չեն հաշվետվության մեջ։ Նվիրատուներն են Միլենա Գասպարյանը՝ 1 մլն 740 հազար դրամ (ենթադրում ենք՝ Առուշ Առուշանյանի կինն է, որը նախկինում, երբ Վահե Հակոբյանը Սյունիքի մարզպետն էր, եղել է վերջինիս խորհրդականը), Նունե Սեյրանյանը՝ 1 մլն 750 հազար դրամ, և Սարգիս Ասոյանը՝ 880 հազար դրամ։

Նշենք, որ կուսակցության աուդիտն իրականացրած աուդիտորական կազմակերպությունը հաշվետվության մեջ որևէ խախտում չի հայտնաբերել և, այսպես ասած, «օկ» է խփել։

Հ.Գ. Վահե Հակոբյանը, հիշեցնենք, 2014-2016թթ. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ադմինիստրատիվ տնօրենն է եղել, 2016թ.՝ գլխավոր տնօրենի առաջին տեղակալը: 2016- 2018թթ. եղել է Սյունիքի մարզպետ: 2018-2021թթ.՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խորհրդի անդամ: ԱԺ նախկին պատգամավորը և կուսակցության նախկին նախագահը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք իշխող ՀՀԿ անդամ էր, 2017-ին, երբ Սյունիքի մարզպետն էր, ընտրվել էր ՀՀԿ Սյունիքի մարզային կառույցի ղեկավար։ Հակոբյանը ՀՀԿ-ից դուրս եկավ հեղափոխությունից հետո՝ 2018-ի հուլիսին։

Ինչն է ուշագրավ. նրա ղեկավարած «Վերածնվող Հայաստան»-ը, փաստորեն, պետական գրանցում է ստացել Հակոբյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց կարճ ժամանակ անց։ Սա նշանակում է, որ լինելով ՀՀԿ անդամ՝ Հակոբյանը «կողքից» կուսակցություն է բացել, որի նախագահի պաշտոնում արդեն մասնակցել է 2021 թ. արտահերթ ընտրություններին։ Եվ արդեն մի քանի ամիս է, փաստորեն, այլևս իր ստեղծած կուսակցության նախագահը չէ։ Երևի ավելի կարևոր գործ է ձեռնարկել և չի ուզում միտքն ու ուշադրությունը ծանրաբեռնել կուսակցական ճղճիմ խնդիրներով։

Հ. Մանուկյան