26/12/2024

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը. ՀԾԿՀ-ն դրական է գնահատել այն

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով մայրաքաղաքի հեղեղատար համակարգի խնդիրներին, նկատեց՝ նախընտրելի էր լսել «Վեոլիա ջուր» ընկերության զեկույցը խնդիրների մասին, քանի որ պայմանավորվածություն կա ընկերության հետ, որ ներկայացվեն հասցեները, որտեղ իրականացվում են սպասարկման աշխատանքներ:

Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն էլ խոսեց հեղեղատարների մաքրման խնդիրներից:

«Մաքրման հետ կապված կուզեմ Ձեզ հետ անկեղծ և ուղիղ խոսել. ունենք որոշ վերապահումներ, որովհետև այն քանակը, որ ներկայացվում է, և այդ հատվածներում այդ քանակից հետո աղբերի կույտերն այդ քանակին համապատասխան չենք նկատում։ Մինչև անձրևների սկսվելը Կենտրոն վարչական շրջանի մի քանի հասցեներում տարբեր խնդրահարույց հատվածներ ենք ներկայացրել և խնդրել, որ աշխատանքները նույնպես արագացվեն այնպիսի ինտենսիվությամբ, ինչպես կատարվեց 1 ամիս առաջ»,- ասաց նա։

Ավինյանը հանձնարարեց ունենալ որոշակի տեխնիկա, որ անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանն էլ կարողանա նման աշխատանք իրականացնել․ «Խնդրում եմ պլանավորել հաջորդ տարվա համար»։

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն իր հերթին որոշ մանրամասներ հայտնեց փոխվարչապետի հետ՝ այս թեմայով խորհրդակցությունից՝ նշելով, որ ներկայացվել են ջրի ծավալների կորուստների, ճնշման, գրաֆիկի պահպանման հետ կապված հարցերը, հեղեղատար համակարգի խնդիրը, նաև խոսվել է կապիտալ ծախսերի անհրաժեշտության մասին, որի կարիքն ունի մայրաքաղաքը:

«Հիմնական խնդիրը եղել է Ձեր այն առանցքային առաջարկությունը, որ այս ամենը կդառնա իրողություն, եթե վերանայվի «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը։ Այս անհրաժեշտությունը զգացվել է այդ խորհրդակցության ժամանակ: Փոխվարչապետը հանձնարարել է, որ բոլոր կողմերը ներկայացնեն առաջարկություններ, ներառյալ՝ քաղաքապետարանը։ Մեր առաջարկությունները 6 կետով ուղարկել ենք, սպասում ենք կրկնակի քննարկման ՀԾԿՀ-ի հետ»,- ասաց Արեյանը։

Նա տեղեկացրեց, որ պայմանագիրը վերանայելու առաջարկը դրական է գնահատել նաև ՀԾԿՀ-ն: