ԱՄՆ-ում կյանքից անժամանակ հեռացել է օպերային երգչուհի, մեներգչուհի Աննա Նշանյանը, որը իր բազմամյա գործունեությամբ նշանակալի ներդրում է ունեցել Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի կյանքում։
Այս մասին հայտնում են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից:
Աննա Նշանյանը Թատրոնում սկսել է աշխատել 1959 թվականից՝ հանդես գալով բազմաթիվ օպերային դերերգերով՝ Ա. Հարությունյանի «Սայաթ-Նովա» (Իշխանուհի Աննա), Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (Շուշան), «Անուշ» (Անուշ), Տ. Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Օլիմպիա), Վերդիի «Տրավիատա» (Վիոլետա), Վերդիի «Օթելլո» (Դեզդեմոնա) եւ այլն:
Երգչուհին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, ինչպես նաեւ պարգեւատրվել ԽՍՀՄ շնորհակալագրական պատվոգրով եւ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
1980թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է համերգային գործունեությունը եւ արժանացել մի շարք ամերիկյան պարգեւների, այդ թվում`«Famous Opera Singer» կոչման:
«Թատրոնի ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում սիրելի երգչուհու հարազատներին եւ մտերիմներին»,- ասվում է հայտարարության մեջ:


Բաց մի թողեք
«Համլետ Collapse»-ը ոչ միայն անձնական, այլ պետական, հասարակական ու բարոյական փլուզում է․ Սուրեն Շահվերդյանի նոր ներկայացման առաջնախաղը․ Լուսանկարներ
Պետք է փոխենք ինքներս մեզ եւ հետո փորձենք փոխել մեր միջավայրը՝ այն ամենն, ինչ մեզ շրջապատում է. Սուրեն Շահվերդյան
Ժամանակակիցը ոչ թե «դժվար» է, այլ անկեղծ․ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի փառատոնային երկրորդ համերգը․ Տեսանյութեր